Հայաստանն ու Գերմանիան քաջալերում են երկկողմ հարաբերությունների զարգացումը: Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը հավատով է լցված նոր վարչապետի նկատմամբ: «Մենք Երևանում արդեն անդրադարձել ենք երկրում տիրող տրամադրություններին, ինչպես նաև խոսել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»,-ընդգծեց Մերկելը:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցին: «Անհրաժեշտ է, որ երկու կողմերը բարի կամք ցուցաբերեն»,-ասաց Գերմանիայի կանցլերը։
Հայաստանը պետք է ավելի ու ավելի գրավիչ լինի իր քաղաքացիների համար։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին։
«Վիզաների դյուրացման հարցը մենք նույնպես քննարկել ենք։ Այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի գրավիչ լինի սեփական քաղաքացիների համար։ Ես ուրախ եմ արձանագրել, որ 2018 թվականին երկար տարիներ ի վեր առաջին անգամ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը շատ ավելի մեծ է եղել,քան մեկնողներինը։ Պետք է մեր երկրում այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնենք, որ Հայաստանը չդիտարկվի որպես փախստական մատակարարող երկիր»,- ասաց վարչապետ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ այս տարվա զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանն այդ ուղղությամբ շարժվում է և շարժվում է վստահ։ «Իհարկե, քննարկումների, բանակցությունների, հարաբերությունների զարգացման առումով հույս ունեմ, որ առավել նպաստավոր պայմաններ կստեղծենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում հաջողության հասնելու համար, և ի վերջո կարծում եմ, որ ժամանակն է՝ մենք մտածենք այդ թեմայով բանակցությունները սկսելու մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։