«Արսենալը» առաջ է անցնում «Մանչեսթեր Յունայթեդից»
Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում կայացան 24-րդ տուրի առաջին հանդիպումները: Չեմպիոնների լիգայի գոտու համար պայքարող Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Կարդիֆին», որը հոգեբանական լուրջ խնդրի առաջ է հայտնվել իր ֆուտբոլիստի՝ Սալայի զոհվելուց հետո (նրան տեղափոխող ինքնաթիռն անհայտ կորել է – հեղ.): Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել հանդիպմանը: Արսենալցիներին համաքայլ ընթացող «Մանչեսթեր Յունայթեդն» իր հարկի տակ մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց «Բառնլիի» հետ՝ 2:2, քանի որ մինչեւ 87-րդ րոպեն պարտվում էր 0:2 հաշվով: Այդպիսով, «Արսենալը» երկու միավորով առաջ անցավ մանչեսթրցիներից եւ հավասարվեց 4-րդ տեղում ընթացող «Չելսիին», որը, սակայն, մեկ խաղ քիչ է անցկացրել: Ինչ վերաբերում է չեմպիոնության համար պայքարող թիմերին, ապա 2-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» այս տուրում անսպասելի պարտվեց «Նյուքասլին»՝ 1:2, չնայած նրան, որ արդեն առաջին րոպեին Ագուերոն առաջ էր մղել «քաղաքացիներին»: Գործող չեմպիոնն այժմ կորցրած միավորներով բավականին հետ է մնում առաջատար «Լիվերպուլից»՝ 7, իսկ նրանց հաջորդող «Տոտենհեմն» արդեն կարող է մոտենալ միավորներով: Այսօր տեղի կունենան տուրի մնացած հանդիպումները: «Լիվերպուլը» իր հարկի տակ կընդունի «Լեսթերին», «Տոտենհեմը»՝ «Ուոտֆորդին», իսկ «Չելսին» կհյուրընկալվի «Բորնմութին»: