«Ե՛վ Մարտի 1-ը և՛ Հոկտեմբերի 27-ը, և՛ 1996-ի ընտրությունները պետք է ճշմարիտ ներկայացնես» (տեսանյութ)
«Այսօր ամենակարևոր պետական ինստիտուտի կայացման օրն է և իմ շնորհակալական խոսքն եմ ուզում ասել մեր ժողովրդին, որովհետև սա մեր ժողովրդի ստեղծած զինված ուժերն են և ամենակայացած ինստիտուտն է այսօր: Պատիվ բոլոր նրանց, ովքեր առաջին շարքերում էին և բայց, ցավոք սրտի, ֆիզիկապես այսօր մեզ հետ չեն: Իմ շնորհակալական խոսքը կուզեմ ասել և գլուխ խոնարհել բոլոր նահատակների առջև»,- ասում է հայոց բանակի օրվա կապակցությամբ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Բալասանյանը կամք, կորով, ուժ մաղթեց հայ ժողովրդին: Գեներալը խոսեց նաև Արցախյան խնդրի և տարածքային ամբողջականության մասին: Ըստ նրա՝ ովքեր խոսում են տարածքային ամբողջականության մասին, պետք է հստակ էքսկուրս անեն, տեսնեն՝ քաղաքական քարտեզի վրա երբ է հայտնվել Ադրբեջանի այսօրվա հանրապետությունը, ինչ տարածքի վրա, ինչ սահմաններով, ինչ իրավական փաստաթղթերով, որ երկրի, որ միջազգային կառույցների կողմից է ճանաչվել այդ հանրապետությունը, և հետո նոր խոսեն տարածքային ամբողջականության մասին: 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Բալասանյանը նշեց, որ պետական պաշտոնյան իրավունք չունի «օդից կախված» լուրերի հիման վրա որևէ մեկին մեղադրել, առավելևս երկրի սահմանը պաշտպանող պետական կառույցին, ինչպիսին բանակն է: Օրերս պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել էր 2008 թվականին արձակցված 0038 հրամանին և մի շարք դիտարկումներ արել: Վիտալի Բալասանյանը նշեց, որ 0038 հրամանը պետք է հանրայնացվի, եթե դրա անհրաժեշտությունը կա: «Չի կարելի ասել՝ 0038 հրամանը բերել է նրան, որ արտակարգ դրություն է մտցվել և այլն»,- ասաց նա: Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին Բալասանյանը նշեց, որ արդարդատության կողմն է: «Ե՛վ «Մարտի 1»-ը, և՛ «Հոկտեմբերի 27»-ը, և 1996 թվականի նախագահական ընտրությունները, այսինքն՝ այն մութ տեղերը (որ նամանավանդ քաղաքական ամբիոններից մարդիկ՝ կուսակցության լիդեր կլինեն, թե կուսակցության անդամ կլինեն), պետք է բոլորը միանգամից պարզ, ճշմարիտ ներկայացնես իրականությանը»,- եզրափակեց Բալասանյանը: