ՄԻԵԴ որոշումներն ընդդեմ ՀՀ-ի (տեսանյութ)
Ակտիվիստ Վարդգես Գասպարին այն քաղաքացիներից մեկն է, որի օգտին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ 2018թ սեպտեմբերի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ պարտավորեցնելով ՀՀ կառավարությանը 4 հազար եվրոյին համարժեք դրամ վճարել հայցվորին՝ որպես բարոյական վնասի հատուցում: Նրա փաստաբանը Մուշեղ Շուշանյանն է։ «Մենք հայցը ներկայացրել ենք 2009-2010թվականներին, երկու հայց էր լրացումներով: Առաջին մասով արդեն վճիռը կայացվել է, երկրորդ մասը կոմունիկացիայի պրոցեսում է: Մյուսը՝ ընդհանուր առմամբ վերաբերվում է ազատազրկմանը, արդար դատաքննության իրավունքին, որը դեռ ընթացքի մեջ է»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին: Մարտի 1-ի դեպքերից հետո բանտում հայտնված Վարդգես Գասպարին դիմել է եվրադատարան՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգումների եւ նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելու համար։ Գասպարին ձերբակալվել էր և ոստիկանական բաժանմունք տեղափոխվել 2008թ. մարտի 1-ին՝ ոստիկանի դեմ բռնություն գործադրելու կասկածանքով: Սեդրակ Բաղդասարյանը պետական կարիքների զոհ է։ Նախկին իշխանությունների որոշումների արդյունքում հազարավոր քաղաքացիներ զրկվեցին իրենց բնակարաններից։ Բայց Բուզանդի 25 հասցեի բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը այն քիչ քաղաքացիներից է, ով կարողացել է իր իրավուքնները պաշտպանել, դիմել եւ եվրոպական դատարանում հաղթել: 2005թվականին Սեդրակ Բաղդասարյանն իր փաստաբան Արթուր Գրիգորյանի հետ դիմելով եվրոպական դատարան՝ վստահ էր, որ հաղթանակն իրենցն է լինելու. Տասը տարի անց՝ 2015թվականին ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց՝ ընդունելով, որ խախտվել է Հայաստանի հանրապետության քաղաքացու սեփականության իրավունքը: «Երբ որ ՀՀ-ն, ի դեմս նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ընկան խիստ կարիքների մեջ, նրանք որոշեցին պետական կարիքների համար քաղաքացիների, այդ թվում՝ իմ սեփականությունը վերցնել: Ինչպես Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ մեզ չէ՞ որ ինչ-որ բան տալիս էին, կոպեկներ, դրանով յոլա գնայիք»,-ասաց «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Ի դեպ, եվրադատարան չդիմելու պատճառները տարբեր են՝ օրինակ անիրազեկ լինել՝ դիմելու ժամկետների մասին, որոշումների կայացման երկարատեւ գործընթացը, փաստաբան վարձելու գումարի բացակայությունը, եւ այլն։ Հայաստանի քաղաքացու հայցով հերթական որոշումը եվրոպական դատարանը կայացրեց ընդամենը մի քանի օր առաջ՝ հունվարի 17-ին: Պահանջելով Հայաստանի նոր իշխանություններից՝ անհապաղ միջոցառումներ ձեռնարկել գործարար Սամվել Մայրապետյանի բուժումն իրականացնելու համար: Դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: