«Ադրբեջանը պետք է հրաժարվի իր կարծրացած մոտեցումներից եւ հայատյաց քաղաքականությունից»
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը կարեւոր է համարում Փաշինյան-Ալինեւ հանդիպումները, եթե անգամ դրանք ոչ պաշտոնական են: «Ա1+»-ի հետ զրույցում, Բաբայանը արժեւորեց նաեւ դավոսյան հանդիպումը, ավելացնելով, որ նմանատիպ հանդիպումները նպաստում են նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը: «Ի վերջո, հանդիպման իմաստը եւ թեման մեկն է, որն անմիջապես առնչվում է Արցախին: Իհարկե քննարկվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչպես նաեւ ընդհանրապես տարածաշրջանում իրավիճակը: Այսպիսի հանդիպումները արժեւորում ենք, որովհետեւ դրանք նպաստում են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը եւ խաղաղ բանակցային գործընթացի շարունակականության ապահովմանը»: Բաբայանը կարծում է, որ նման ոչ պաշտոնական հանդիպումները կօգնեն պաշտոնական հանդիպումների ժամանակ արդեն հստակ քայլերի, նախաձեռնությունների առումով. «Մենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքականությունը պետք է դիտարկենք երկու հարթությունում: Մեկը՝ փոխկարգավորումն է, այստեղ տեսանելի ապագայում դժվար թե լուրջ տեղաշարժ լինի, որովհետեւ որպեսզի տեղաշարժ լինի, անհրաժեշտ է առնվազն երկու նախադրյալ. առաջինը՝պաշտոնական Ստեփանակերտը պետք է վերականգնվի լիարժեք ձեւաչափում, Ստեփանակերտը պետք է նույնպես մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերում, իսկ երկրորդը՝ ի վերջո Ադրբեջանը պետք է հրաժարվի իր այդ կարծրացած մոտեցումներից եւ հայատյաց քաղաքականությունից, որովհետեւ եթե Բաքուն ասում է, որ ինքը տեսնում է հակամարտության կարգավորումը միայն այսպես կոչված «տարածքային ամբողջականության վերականգնմամբ», պարզ է, որ այսպիսի կարգավորում չի կարող տեղի ունենալ: Այս երկու պայմաններն է, որը թույլ կտա առաջընթաց ապահովել, դա չկա: Հետեւաբար երկրորդ հարթության մեջ է հիմնականում գործընթացը ընթանում, իսկ սա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման շուրջ է, որովհետեւ Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի գլոբալ աշխարհաքաղաքականության եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ, եւ այստեղ մենք տեսնում ենք եւ ԱՄՆ-ի, եւ Ռուսաստանի, եւ Եվրոպայի, եւ Իրանի, եւ Թուրքայի, այսինքն՝ տարբեր տարածաշրջանային եւ գլոբալ ուժերի շահերը եւ այլն: Եւ նրանք շահագրգռված են, որպեսզի այստեղ կայունություն եւ խաղաղություն լինի»,-ասաց Դավիթ Բաբայանը: