Անդրանիկ Մանուկյանը ռուսական շահերի սպասարկուն է եղել. Արման Բաբաջանյան (տեսանյութ)
«Ուկրաինայում մենք խնդիր ենք ունեցել նաև դեսպանի պատճառով: Հայաստանի ապաշնորհ քաղաքականության պատճառով: 2014 թվականի հայտնի իրադարձություններից հետո մենք տևական ժամանակ ուղղակի հարաբերություններ չենք ունեցել Ուկրաինայի հետ»,- ասում է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: Արման Աբովյանը, ժամանակին լինելով Անդրանիկ Մանուկյանի օգնականը, իր ելույթում ասել էր, որ կարող է հերքել Բաբաջանյանի կողմից հնչեցրածը, ըստ որի՝ Մանուկյանը դեսպան լինելով հանդերձ եղել է ռուսական շահերի սպասարկու: Ի պատասխան՝ Աբովյանի ասածին Բաբաջանյանն ասաց. «Ես ունեմ փաստեր և ամենամեծ փաստն իրականությունն է»: Բաբաջանյանը շեշտեց, որ խնդիրն Ուկրաինայի հետ հարաբերությունները և Անդրանիկ Մանուկյանը չեն. «Մենք քննարկում էինք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հարցը և ես վկայաբերել եմ փաստեր, որոնք լեցուն են եղել վերջին տարիներին մամուլի միջոցներում, և ես կուզեի, որպեսզի մենք կանգ չառնեինք նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի վրա, այլ՝ այսօր գործող դեսպանների, որոնք շարունակում են պաշտոնավարել նախկին նշանակման հետևանքով»: Եվ այս փաստերի մատնանշումը նրա համար էր, ըստ Բաբաջանյանի, որպեսզի վերոնշյալ հանձնաժողովը հրավիրի դեսպանի բոլոր թեկնածուներին Ազգային Ժողով, և իրենց ուղղված հարցերի միջոցով թեկնածուները ներկայացնեն դիավանագիտական գործունեության տեսլականները, մոտեցումները: Բաբաջանյանի պնդմամբ՝ Անդրանիկ Մանուկյանը բազմիցս ասել, որ դիվանագետ չէ, այլ՝ բիզնեսմեն. «Թող Անդրանիկ Մանուկյանը կամ նրա օգնականը պատմեն հնդկահավերի ֆերմայի մասին, որ մինչև հիմա Անդրանիկ Մանուկյանն ունի Ուկրաինայում: Եվ այդ իր ձեռնարկատիրական գործունեությունը սկսել է այն ժամանակ, երբ եղել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան»: