Քիչ անց Նիկոլ Փաշինյանը կնշանակվի վարչապետ
Մեկնարկում է ԱԺ 7-րդ գումարման առաջին նստաշրջանը։ Նստաշրջանի մեկնարկի պահից խորհրդարանի նոր կազմը կստանձնի լիազորությունները, իսկ 6-րդ գումարման ԱԺ լիազորությունները կդադարեցվեն։ Վարչապետի ընտրություն չի լինելու։ Նիստը սկսելուց հետո ՀՀ նախագահը անհապաղ հրամանագիր է ստորագրում մեծամասնության թեկնածուին վարչապետ նշանակելու մասին։ Մեծամասնության թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ ԱԺ անդրանիկ նստաշրջանում ուղերձով դիմում են ՀՀ նախագահն ու կաթողիկոսը։ Արմեն Սարգսյանը, փաստորեն, ԱԺ-ում հանդես կգա ուղերձով, կստորագրի վարչապետի նշանակման հրամանագիրն ու կմեկնի Աբու Դաբի՝ մասնակցելու միջազգային համաժողովի։ ԱԺ առաջին նիստը կսկսի վարել ամենատարեց պատգամավորը, որն այս անգամ էլ, ինչպես 6-րդ գումարման ԱԺ-ում, քուրդ համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովն է։ Հասանովը 6-րդ գումարման ԱԺ ընտրվել էր կառավարող ՀՀԿ-ի ցուցակով, այս անգամ՝ կառավարող «Իմ քայլը» դաշինքի։ ԱԺ առաջին նստաշրջանը կընտրի ԱԺ նախագահ, տեղակալներ, կսահմանի մշտական հանձնաժողովների թիվն ու անունները, կընտրի հանձնաժողովների նախագահներ։ «Իմ քայլը» ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխնախագահների պաշտոններում՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի։ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի համար կքվեարկվեն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ու ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանը։ «Իմ քայլը» հայտարարել է, որ քվեարկելու է ԲՀԿ ներկայացուցչի օգտին, քանի որ այդ կուսակցությունն ընտրություններում ավելի շատ քվե է ստացել։