Հայաստանի չեմպիոնը պարտությունով սկսեց նոր մրցաշրջանը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Առաջին տուրում գրանցվեցին առաջին անակնկալները: Տղամարդկանց շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը պարտվեց Արման Փաշիկյանին: Հաղթանակով մեկնարկեցին առաջնությանը մյուս ֆավորիտները՝ փորձառու գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Այսօր նախատեսված 2-րդ տուրում միմյանց հետ կհանդիպեն հենց չորս առաջատարները. Տիգրան Լ.Պետրոսյանը սպիտակներով կհանդիպի Ռոբերտ Հովհաննիսյանի, իսկ Արման Փաշիկյանը՝ Զավեն Անդրիասյանի հետ: Այդ պարտիաների ընթացքին շախմատասերները կարող են հետեւել մեր կայքում: Կանանց շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Կուրսովան սեւերով ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի հետ: Մնացած չորս պարտիաներն արդյունավետ ավարտվեցին: Անահիտ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Աննա Խաչատրյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը հաղթանակներ տարան եւ գլխավորեցին աղյուսակը: Երկրորդ տուրում Մարիա Կուրսովան սպիտակներով կհանդիպի Արփինե Գրիգորյանի հետ: Կենտրոնական պարտիայում Մարիա Գեւորգյանը սպիտակներով կմրցի Սուսաննա Գաբոյանի հետ: