«Հին Երևան»-ի համար կենտրոնի որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն
Կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի նախկին զինծառայողների բնակարանային խնդիրը լուծելու համար Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 5 մլրդ 705 մլն դրամ՝ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին բնակարան ձեռքբերելու նպատակով պետական մասնակցության չափով աջակցություն ցուցաբերելու համար: 2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով բնակարանային պայմանների կարիքավոր ճանաչված և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված ցուցակների հիման վրա բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 1141 նախկին զինծառայողների ընտանիքներ, որից 326-ը՝ Երևանում: Նախատեսվում է շահառուների գրավոր համաձայնության դեպքում յուրաքանչյուրին տրամադրել 2 տարի մարման ժամկետով և միջինը 5.000.000 դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր: Կառավարությունն ընդունել է «ՀՀ 2019 թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ որոշմամբ կատարվել է տնտեսական բովանդակությունից կախված ծախսերի դասակարգում ըստ երեք հիմնական խմբերի՝ սուբսիդիաներ, դրամաշնորհներ և գնումներ: «Կարևորելով պետական մասնակցության կառավարման արդյունավետության բարձրացման հարցը՝ առաջարկել ենք նաև որոշակի լուծումներ, որոնք մեր կարծիքով, բարձրացնելով հրապարակայնության աստիճանը պետական մասնակցության կառավարման, հնարավոր կդարձնեն ունենալ ավելի արդյունավետ համակարգ և ենթադրվում է, որ այն կդառնա հանրային հսկողության առարկա»,-նշել է Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ այդմ, մասնավորապես սահմանվել է, որ սուբսիդիան՝ պետության անունից և/կամ պետության հանձնարարությամբ օրենքով սահմանված գնով անմիջական շահառուին/վերջնական սպառողին կազմակերպության կողմից որպես նվազագույն շահավետ գնից ցածր գնով ապրանքների արտադրության, արտահանման, ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման արդյունքում կազմակերպությանը նվազագույն շահավետ գնի և սահմանված գնի դրական տարբերության կամ դրա մի մասի փոխհատուցումն է: Որոշմամբ սահմանվել է նաև, որ 2019 թ. ընթացքում պետության կարիքների համար իրականացվող գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելիս գնման ձևերը նախապես չեն համաձայնեցվում ՀՀ ֆինանսների նախարարության հետ: «Հին Երևան» ծրագիրն ավարտին հասցնելու համար կենտրոնի որոշ տարածքների նկատմամբ ճանաչվեց հանրային գերակա շահ Գործադիրն ընդունել է «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը: Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվում է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով: Տարածքի նկատմամբ նոր հանրության գերակա շահ սահմանելը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը: Անդրադառնալով որոշմանը՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշել է. «Գաղտնիք չէ, որ կոնկրետ այս տարածքի կառուցապատման հարցը մեր կառավարության ժառանգություն ստացած ծանրագույն հարցերից մեկն է, և, իհարկե, գաղտնիք չէ, որ որևէ տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելը բավականին տխուր պատմություն և վատ համբավ ունի: Հիմա մենք ստիպված ենք գնալ այսպիսի ծայրահեղ քայլի՝ ծրագիրն ավարտին հասցնելու համար, բայց պետք է երաշխիքներ ունենանք, բոլոր ջանքերը գործադրենք և վստահ լինենք, որ այս պրոցեսը չպետք է իրականացվի նույն տխրահռչակ մեթոդով, ինչպես իրականացվել է տարիներ առաջ: Պետք է 100-տոկոսանոց երաշխիքներ և վերահսկողություն ունենանք, որպեսզի բնակիչները կամայականությունների զոհ չդառնան»: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյան նշել է, որ այդ հարցը գտնվելու է մշտական ուշադրության կենտրոնում, և տարածքը ձեռք բերող «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությունը ևս համապատասխան երաշխիքներ է ներկայացրել: