ԶՈւ սպաների և ենթասպաների նախկին պարտքերի տոկոսադրույքները կնվազեն (տեսանյութ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ իրազեկել է, որ բանակի սպաների և ենթասպաների նախկին պարտքերը կվերակառուցվեն։ Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչեւ կիսով չափ կրճատելն է եւ սպասարկման ժամկետը երկարացնելը: Որպես արդյունք, ասենք եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազար դրամ: Մինչեւ կիսով չափ քիչ: Առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաեւ նախկին զինվորականներին բնակարաններ ձեռքբերելում աջակցելու հարցին: