Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չհայտարարված այց. Արմաշի առողջության կենտրոնում արձանագրվել են մի շարք խնդիրներ

Պաշտոնական
mip-1

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել  ՀՀ Արարատի մարզպետարանի «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ: Մշտադիտարկման շրջանակներում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը: Այցի արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝

  • գերբնակեցվածություն,
  • կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,
  • ջեռուցման ապահովման հետ կապված խնդիրներ,
  • հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի և զբաղվածության ապահովման հետ կապված խնդիրներ,
  • հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ և այլն:
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմնին: Պետք է նշել, որ այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս համար աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել: Հարկ է նաև ընդգծել, որ նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ բարեկարգվել են լոգարանները և ճաշարանը, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել որոշ սանհանգույցներում, ձեռք են բերվել նոր մահճակալներ ու անկողնային պարագաներ: Այս կապակցությամբ հաստատության տնօրինությունը երախտագիտություն է հայտնել Պաշտպանի աշխատակազմին՝ նշելով, որ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար հաստատությանը միջոցներ են տրամադրվել Պաշտպանի ներկայացուցիչների նախորդ այցի հիման վրա ներկայացված առաջարկությունների և «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Պաշտպանի 2018 թվականի արտահերթ հրապարակային զեկույցի արդյունքում: