«Բարգավաճ»-ն ու «Լուսավոր»-ը ավտոմատ ընդդիմություն կդառնան. քաղաքագետ (տեսանյութ)
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ արտահերթ ընտրությունները ավելի թափանցիկ ու ազատ էին նախորդների համեմատ: «Իմ քայլ»-ը դաշինքի հաղթանակը սպասելի էր: «Անոմալ էր, երբ վարչապետը խորհրդարանում մեծամասնություն չուներ, հիմա ստացավ և այն համապատասխանում է պառլամենտական համակարգին»: «Սասնա Ծռերի» ցուցակով առաջադրված Ստեփան Գրիգորյանին նախընտրական քարոզչության ժամանակ մարդիկ շատ են ասել, որ նրան և կուսակցությանը հարգում են, բայց հեղափոխությունը ավարտին հասցնելու համար պետք է ընտրեին Նիկոլ Փաշինյանին: Քաղաքագետը դա պայմանավորում է նրանով, որ մարդիկ ում հավատում են, ցանկանում են, որ նրանք մեծամասնություն ունենան: «Սասնա ծռեր»-ի հետ համագործակցությունը կարևոր էր: Թեև հավակնում էին ավելի շատ ձայն ստանալ, բայց գրանցված արդյունքն էլ վատը չէ: «Համարում եմ, որ բավական լուրջ արդյունք ստացան նրանք, ստանալով 22 862 ձայն, դա լուրջ արդյունք է, հաշվի առնելով, որ այդ կուսակցությունը գրանցվել է նոյեմբերին»: Ինչ վերաբերում է խորհրդարանում ընդդիմություն ունենալուն, ապա ըստ քաղաքագետի՝ այն ավտոմատ կձևավորվի: «Եթե «Իմ քայլ»-ը խորհրդարան անցած «Բարգավաճ Հայաստան»-ի ու «Լուսավոր Հայաստան»-ի հետ կոալիցիա չկազմի, ապա այդ ուժերը ավտոմատ կդառնան ընդդիմություն»: Ստեփան Գրիգորյանը նաև հայտարարեց՝«Սասնա ծռեր»-ի նկատմամբ հակաքարոզչություն է եղել, կապված Արցախի հարցով: «Ես չեմ բացառում՝ մտավախաություն կար, որ ԱԺ-ում կարող են հայտնվել հայրենասերներ: Նպատակաուղղված քարոզչություն կար, որը ինձ մինչև հիմա զարմացնում է: Մոտ ժամանակներս Արցախի հարցում զարգացումները շատ բաներ կբացեն»: Ստեփան Գրիգորյանը հավելեց նաև, որ «Սասնա ծռեր»-ի հետ համագործակցությունը շարունակելու է: