Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերապրածները

Հասարակություն
gyumri

Ավերիչ երկրաշարժից անցավ երեսուն տարի ու տասնամյակներ աղետի գոտի  հայտարարված քաղաքում, որ մինչև աղետը արդյունաբերական կենտրոն էր, արվեստի ու արհեստի քաղաք, ծնվեցին ու մեծացան նոր սերունդներ: Տասնամյակներ անց, քաղաքը կարծես վերջապես բարեկարգվում է, սակայն դեռ մնում է նաև «դոմիկների» ամոթալի փաստը: Աղետը վերապրածներից շատերը մեկնեցին հարազատ քաղաքից: Շատերն էլ մնացին ու  փորձեցին դիմակայել անարդար կյանքին, քանի որ նրանց համար Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրին՝ աշխարհի կենտրոնն է, որտեղ  մարդիկ հումոր ունեն՝ աշխարհը չունի, վարպետներ ունեն՝ աշխարհը չունի: Խոպան գնացին Ռուսաստան, որ գումար վաստակեն, բայց վերադառնան, ինչպես, վարորդ Հակոբը, որը հենց այդպես, առանց ազգանուն ցանկացավ ներկայանալ: «Միլիարդ դոլարների օգնություն էկավ՝ - ասում է վարորդ Հակոբը,- կերան ու կերան: Օր չուդեին հիմա դոմիկներ էլ չէր էղնի, զավոդներ կէղնեին ու փողոցներն էլ ասֆալտած, քաղաքը փոշու մեջ կորած չէր էղնի: Լավ է հիմիկ գոնե էլ աղետի գոտի չեն ըսի, զարգացման գոտի կըսեն, թե չէ շատ վիրավորական ու նսեմացնող բան կար էս բառի մեջ: Տեսնենք, հիմի էլ քանի տարի զարգացման գոտի պիտի ըսեն ու ոնց պիտի զարգանանք, որ մարդավայել ապրինք»: Կարապետ Տիրատուրյանը երկու բարձրագույնով որոշեց պրոֆեսիոնալ փրկարար դառնալ: Ինժեներ-մեխանիկի ու իրավագետի դիպլոմները «մի կողմ դրեց» ու աշխատանքի անցավ թիվ 48 հրշեջ փրկարար ջոկատում, որպես օղակի հրամանատար: Հիշում է, որ աղետի օրը մառախլապատ էր: Ուսանող էր ու այդ ժամին դասի էր: Ապրում էին Կենտրոնական հրապարակի մոտ գտնվող շենքերից մեկում: Տանը եղբայրն ու մայրն էին: Եղբորը ողջ-առողջ հանեց փլատակների տակից, հետո հինգ հոգու էլ փրկեց-հանեց, բայց մայրիկին՝ չկարողացավ: 11-րդ օրը միայն գտավ: «Ժաժքի օրերին փրկարար օր տեսնինք գը,- ասում է,- ինչխոր հրեշտակներ էղնեին: Առաջին օգնությունը Ախալքալակից էր, հետո Երևանից Ռուսաստանից ու արտասահմանից էգան: Էն ժամանակ էդ տեխնիկան չունեինք: Այսօր փառք Աստծո տեխնիկապես զինված ենք ու ֆիզիկապես պատրաստված: Ինչպես գյումրեցիները հումորով կըսեն համեմատելու չէ՝ ինչխոր էշ Մանուկենց դարն ու Արարատ սարը»: Աիդա Դարբինյանը «Բանվոր» թերթի խմբագրությունում էր աշխատում ու այդ ժամանակ աշխատավայրում էր: Խմբագրությունը՝ Լենինի հրապարակում գտնվող Քաղսովետի շենքում էր: «Ժաժքից հրաշքով եմ փրկվել,- ասում է: -Ախալքալակից մեր բարեկամները հասան, հանեցին փլատակների տակից ու տարան Ախալքալակ: Վեց ամիս բուժվեցի ու հետ եկա: Դժվար էր, հիմա էլ  դժվար է, 80 տարեկան եմ: Բազմանդամ ընտանիք ենք, կարգին գործ էլ երեխեքս չունին, բայց մի անգամ իսկ մտքովս չեմ անցկացրել ուրիշ տեղ գնամ ապրիմ: Հբը Գյումրիս ինչղ թողնիմ: Տեսնենք, նոր կառավարությունը, թե խոստումները կատարի, երևի լավ կեղնի»: Բնիկ գյումրեցի Արամ Մանուկյանի ընտանիքի բոլոր անդամները հրաշքով փրկվեցին: Արհավիրքի այդ օրը նա վերհիշում ու պատմում է ամենայն մանրամասնությամբ: «Այդ ժամանակ միլիցիայի աշխատող էի: Աշխատանքի չէի գնացել, վատառողջ էի: Մայրս հիվանդանոցից պետք է դուրս գրվեր ու ես նրան տուն պետք է բերեի: Դուրս էին գրելու ժամը երկուսին, սակայն ժամը 11-ն էր, դեռ պառկած էի, մեկ էլ դուռը զանգեցին, մայրս էր: Ասաց՝ բալես սիրտս էլ չէր դիմանում խնդեցի շուտ դուրս գրեն, գամ: Նստեց քովս, իր երազը պատմեց: Իբր թե ինքը գիմնազի բակում է, որտեղ ժամանակին սովորել է, մի հադըմ ձեն կըսե, թե Խռուշչովը քեզի կանչում է, գնացի կըսե էդ ձենի հետևից, աշեմ, որ Խռուշչովը լույսերի մեջ կանգնած է: Կըսե աղջիկ ջան կուզես ՆԿՎԴ-ում աշխատես, ըսի՝ հա, ըսավ էս թուղթ ու գրիչը առ ու ձեր տնեցիների անուն ազգանունները հերթով գրե: Գրեցի, ըսավ գնա մենք քեզի կկանչենք: Հիմա ըդոր երազի միտքն ի՞նչ էր, - հարցրի մորս ու էդ պահին ժաժքը սկսեց: Ես պառկած էի ու կանգնածներից քիչըմ ուրիշ ձևի եմ զգացել: Ինչխոր տոկը խփի, մարդը ինչղ կզգա, էլեկտրականությունը միջովս անցավ: Առաջին հարկում էինք ապրում: Մերս դռան կարոբկի տակ կանգնեց ու առաջ չգնաց, էդպես են նրան սովորեցրել: Դե ես էլ ինչ ընեի, հետը կանգնեցի: Ցնցումներն օր վերջացան, դուրս էկանք ու նոր տեսա թե ինչ կկատարվի»: Նա պատմեց, թե ինչպես գտավ իր երեք տղաներին, որոցից երկուսը մանկապարտեզում էին, մեկը՝ դպրոցում: Ինչպես գտավ իրականում հրաշքով փրկված իր վիրավոր կնոջը, որը բալիկ էր սպասում ու վեց ամիս հետո ծնվեց նրանց աղջիկը: Պատմեց սարսափելի պատկերների մասին, որ տեսել է ամեն քայլափոխի…Ու հանկարծ հասկանում ես, որ հանդարտ ձայնի ու մանրամասն շարադրանքի տակ, թաքնված է արհավիրքը վերապրածի խորը վերքը, որ անգամ երեսուն տարի անց չի սպիանում: Սակայն բնիկ գյումրեցին գյումրեցի չէ, թե հումորով զրույցը չհամեմի: Ու Արամ Մանուկյանը պատմում է իր ղարսեցի տատի՝ Լուսոյի մասին, որը խոսքի համար գրպանը չէր մտնի, տեղում էլ հարցերը կլուծեր ու թե ինչպես նա ու «հարց լուծող, հարց կարգավորող մյուս «տղերքը»՝ հարևանի կանայք Սաթոն ու Կատոն մասնակցեցին Լենինական եկած Վիկտոր Համբարձումյանի դասախոսությանը: «Մե հադըմ պատկերացրեք եփող, դնող գոգնոցով երեք կանանց, որոնք դեռ նոյեմբերի կեսերից էին սկսում նոր տարվա պատրաստությունները, առաջին շարքում նստած Վիկտոր Համբարձումյանի լեկցիային կմասնակցեն, խորաթա կենեն, հարցեր կուտան: Բա առանց իրենց ինչղ կեղներ, հըբը: Տատիս պադվալը ինձ համար գանձերի կղզի էր: Ամեն ինչ կար: Էհ… ինձ համար էն Լենինականն էլ չկա, որովհետև իմ հարազատներից ու ընկերներից շատերը չկան, ով քաղաքից է գնացել, ով էլ կյանքից է հեռացել, բայց ուրիշ տեղ էլ ապրել չեմ կրնա, կճնշվիմ: Տղաներս Երևան են ապրում, բայց որ Երևան մի քանի օրով պետք է գնամ, մեկ ամիս ինձ նախապատրաստում եմ: Մեկ է Գյումրիի նման քաղաք չկա»: