ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում է (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գյումրի քաղաքում է: Տնտեսական հեղափոխության մասին իր խոսքում՝ Ծառուկյանը նշեց, որ հիմնական խնդիրը Հարկային օրենսգրքի փոփոխությունն է: «Որ տնտեսական ճգնաժամ է, հարկավոր է օրենսգրքի փոփոխություն»,- նշում էր նա: Երկրորդ խնդիրը, ըստ Ծառուկյանի, բանկային համակարգն է: «2009 թվականից ասում եմ՝ Սա լոմբարդային համակարգ է»: Ըստ ԲՀԿ առաջնորդի՝ բանկ դիմելիս մարդը պետք է օգտվի, ոչ թե դիմելիս արդեն եղածը կորցնի: «Հիմնական խնդիրները կան. գյուղատնտեսական վարկեր, փոքր ու միջին բիզնեսի վարկեր, երիտասարդական ընտանիքի համար վարկեր»,- թվարկեց Ծառուկյանը: Վարկեր տրամադրելիս, ԲՀԿ-ականներն առաջարկում են մրցակցություն: «Ամեն մեկն աշխատի տոկոսը ավելի քիչ դնի, որ մարդկանց մոտ, ասենք թե, հաճախորդներն ավելի շատ լինեն»,- մանրամասնեց ԲՀԿ պատգամավորության 1-ին համարը: ԲՀԿ նախագահն անդրադարձ կատարեց նաև ուսանողական խնդիրներին. «Ամենակարևորը մենք ասել ենք, որ ուսանողները մեր արժանի փոխարինողներն են»: Ծառուկյանն առաջարկում էր ուսանողներին ավարտելուց հետո ուղեգրեր տալ, թե որ ուսանողը, որտեղ գնա ավարտելուց հետո աշխատելու համար: