Հիշողություններ 88-ի աղետի օրերից. օրագիր-հուշագրություն (տեսանյութ)
1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը ընդգրկեց Հայաստանի մեկ հինգերորոդ մասը, փլատակների տակ մնացին տասնյակ հազարավոր մարդիկ, կործանվեցին հարյուրավոր բնակավայրեր: Այդ օրերին Երկրաբանական արշավախմբի կազմում ստեղծվում է հատուկ սեյսմատեկտոնական խումբ, որը ղեկավարում է վաստակավոր երկրաբան Կորյուն Մկրտչյանը: Քսան օրվա ընթացքում 80 տուժած բնակավայրում նա զրուցում ու գրի է առնում երկրաշարժի, տուժած շինությունների, զոհված մարդկանց վերաբերյալ տվյալներ: Աղետի գոտում դաշտային աշխատանքները շարունակվում են մեկ ու կես տարի անընդմեջ: Կատարած դիտարկումների և սեյսմատեկտոնական հետազոտությունների արդյունքները նա շարադրեց անձնական օրագրում, ինչպես նաև լայնածավալ հաշվետվությունում, որը ընդունվեց որպես Սպիտակ 88-ին նվիրված լավագույն հետազոտություններից: Կորյուն Մկրտչյանը մասնակցում է նաև Գյումրիի կառուցապատման տեղամասերի ընտրության քննարկումներին: Ապացուցելով, որ նաև սողանքները չճանաչելն ու անտեսելը դարձան աղետի գոտում կառուցված շինությունների ավերման պատճառ, պայքարում է, որ ընտրվեն ճիշտ տարածքներ: «… Լրացուցիչ երկրաբանական դիտումների նպատակով վերջին մի քանի օրերի ընթացքում լինելով «Հյուսիս-արևմուտք» և «Հարավ» տեղամասերում, ես կրկին համոզվեցի, որ գոյություն ունի ազնիվ մարդկանց միամտությունից օգտվող, սադրանքների գիտակ մի հզոր ուժ,- գրում է նա երկրաշարժի գոտում շինարարության գործերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մարգարյանցին: - Անձնական պատասխանատվության գիտակցումով, դիմում եմ Ձեզ՝ ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք «որոշումների» հիմքում կդնեն ելակետային երկրաբանական փաստերը՝ գնահատման անկողմնակալ ու հեղինակավոր մասնագետների խմբի կողմից»: «Որպեսզի իմանանք, թե երկրաշարժերի ժամանակ կկարողանանք, արդյոք փրկել մարդկանց կյանքն ու շինությունները, մենք պարտավոր ենք գիտենալ, թե ինչպիսի տեղերում են կառուցված շինությունները, ինչպես են դրանք կառուցված, և որտեղ են նախագծվում նորերը, քանի որ մենք առայժմ չենք կարող իմանալ, թե այս կապակցությամբ ինչ են ծրագրում «աստվածները»... և հայտնի չէ, թե երբևիցե կիմանանք արդյոք»,- գրել էր նա իր օրագրում: Կորյուն Մկրտչյանի ընտանիքի աջակցությամբ նրա օրագիրը և հաշվետվությունը տպագրվեց օրեր առաջ: