Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենդանիների առումով քաղաքապետարանն իր դիրքորոշումը պետք է ունենա. Հայկ Մարության

Պաշտոնական
001-7

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ինձ պետք է, որ այս խմբի ասածը լինի 100%-անոց եզրակացություն, որպեսզի իմանալով կազմը ոչ-ոքի մտքով անգամ չանցնի, որ այստեղ ինչ-որ այլ կարծիք կար կամ փորձել են ինչ-որ բան կեղծել ու գաղտնի պահել: Բաց լինելը և վստահություն վայելելը շատ կարևոր է: Ես ուզում եմ, որ այս խումբը լիարժեք վստահություն վայելի հասարակության կողմից»,- ընդգծել է քաղաքապետը: Երևանի կենդանաբանական այգու գործունեության շուրջ հանրության շրջանում առաջացած հարցերի, առկա խնդիրների վերհանման և համապատասխան լուծումներին միտված անհրաժեշտ առաջարկներ ձևավորելու նպատակով, Երևանի քաղաքապետի  կարգադրության համաձայն, ստեղծվել է աշխատանքային խումբ, որում, քաղաքային իշխանության ներկայացուցիչներից բացի,  ընդգրկված են բնապահպան-կենդանասերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անհատներ:   Քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խմբից ակնկալում է երկարատև համագործակցություն նաև հետագա ծրագրերում:    «Ակնկալում եմ ոչ միայն համագործակցություն միայն այս խնդիրների ճանաչման ու հետագայում լուծման շուրջ, այլև ընդհանրապես, քաղաքում կատարվող գործընթացների առնչությամբ: Մասնավորապես, ինձ հետաքրքիր կլիներ աշխատանքային խմբի կարծիքը նաև կրկեսի աշխատանքի վերաբերյալ: Դա քաղաքապետարանինը չէ, իհարկե, բայց կենդանիների առումով քաղաքապետարանն այդտեղ իր դիրքորոշումը պետք է ունենա: Իսկ քաղաքի դիրքորոշումն ավելի հաստատուն կլինի, եթե ավելի շատ մարդիկ ներգրավված լինեն այս գործընթացների քննարկման ժամանակ»,- նշել է քաղաքապետը: Աշխատանքային խմբին զուգահեռ՝ քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ   ձևավորվել է նաև հանձնաժողով, որը կուսումնասիրի այգու նախորդ երեք տարվա ֆինանսատնտեսական գործունեությունը: