Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտյոմ Մխոյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում մասնակցեց կոնֆերանսի

Պաշտոնական
1111-2

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի համանախագահությամբ Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքում 2018թ. նոյեմբերի 28-ին մեկնարկեց «Ռուսաստանի Դաշնությունում և արտերկրում քրեակատարողական համակարգի զարգացման տեսական և գործնական խնդիրները» խորագրով միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում էին 35 երկրների պատվիրակություններ: Հանդես գալով բացման խոսքով՝ Ա. Մխոյանը ողջունեց ներկաներին և մաղթեց արդյունավետ ու կառուցողական քննարկումներ: Վերջինս նաև շնորհակալական խոսքեր հղեց ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության դաշնային քրեակատարողական կրթահամալիրի իրավունքի և կառավարման բարձրագույն կրթության ակադեմիայի պետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Ալեքսանդր Կրիմովին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ հույս հայտնելով, որ նմանօրինակ հանդիպումներն անկասկած կստեղծեն արդյունավետ պայմաններ քրեակատարողական ոլորտում միջազգային համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: Երկօրյա հագեցած աշխատանքային համաժողովի շրջանակներում Ա. Մխոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնապես հյուրընկալվեց նաև Ա. Կրիմովին: Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվեցին ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության իրավունքի և կառավարման ակադեմիայում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայողների ուսումնառության և վերապատրաստման հնարավորությունները, 2019թ-ին կայանալիք «Հանցագործություն, պատիժ, ուղղում» խորագրով 4-րդ միջազգային պենիտենցիար ֆորումին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մասնակցության ձևաչափը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, արդեն իսկ առկա համագործակցությունն ամրապնդելու  և այլ բազմաթիվ հարցեր: Կոնֆերանսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցեց քրեակատարողական համակարգի կադրային քաղաքականության զարգացում, քրեակատարողական ծառայության հոգեբանական ծառայության գործունեության կատարելագործում, դատապարտյալների հետ սոցիալական աշխատանքների կատարելագործում և հետաքրքրություն ներկայացնող այլ կլոր-սեղան քննարկումների, որոնց մասնակցում էին նաև միջազգային հեղինակություն վայելող փորձագետներ, քրեական, քրեակատարողական և հոգեբանական գիտությունների անվանի գիտնականներ։ Պատվիրակության կողմից հատկապես կարևորվեցին որակյալ հոգեբանական ծառայություններ մատուցելու իրատեսական և արդյունավետ հնարավորությունները, որոնց շրջանակներում պենիտենցիար հոգեբանության ոլորտում պրակտիկ փորձ և հմտություններ ունեցող հոգեբան-գիտնականի հետ ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն քրեակատարողական ոլորտում արձանագրված հաջողություններով կիսվելու և անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հոգեբանների վերապատրաստում կազմակերպելու ուղղությամբ։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին