Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու ընտրությանը. Հերմինե Նաղդալյան

Կարևոր լուրեր Պաշտոնական
hermine1

Հերմինե Նաղդալյան. Պատիվ ունեմ հայտարարելու Հերմինե Նաղդալյան. Հարգելի հայրենակիցներ, մոտ 30 տարի ծավալում  եմ  հասարակական, քաղաքական և պետական գործունեություն: Եղել եմ Հայաստանի ձեռնարկատերերի Միության նախագահ, 1995  թվականին ընտրվել եմ Ազգային Ժողովի  պատգամավոր թիվ  49 ընտրատարածքից, 1999, 2003, 2007, 2012 և  2017 թվ. ընտրվել եմ համամասնական ընտրակարգով:       23  և կես տարի պատվով և պատասխանատվությամբ կատարել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի  պատգամավորի  պարտականությունը: ԱԺ-ում ընդգրկված եմ եղել ֆինանսա-վարկային,  բյուջետային և  տնտեսական և արտաքին հարցերի հանձնաժողովներում:  2012 -ին ընտրվել եմ ԱԺ փոխնախագահ:  Տարիներ շարունակ  հանդես եմ եկել տարբեր օրենսդրական նախաձեռնություններով, բազմաթիվ օրենքների հեղինակ և համահեղինակ եմ:            Հպարտ եմ,  որ խորհրդարանական գործունեության ավելի  քան  23  տարիների ընթացքում  պատիվ եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել միջազգային կառույցներում՝  2003-2017 թվ. եղել եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում  ԱԺ պատվիրակության անդամ,  ԵԽԽՎ  տնտեսական զարգացման հանձնաժողովի նախագահ ,  մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահ, եղել եմ ԵԽԽՎ  փոխնախագահ ,ԵԽԽՎ-ում ու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Աժ պատվիրակության ղեկավար, ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի  տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ: ԵԽԽՎ պատվավոր անդամ եմ: Ղեկավարել եմ մի շարք միջխորհրդարանական հանձնաժողովների և  բարեկամական խմբերի աշխատանքներ, այդ թվում  Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի  Ժողովրդական Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի Հանրապետության և այլն,   ամենուրեք աշխատելով պաշտպանել և  առաջ մղել Հայաստանի շահերը:          Հայաստանի երրորդ Հանրապետության կայացման դժվարին տարիներին` անկախացումից  և  արցախյան ազատամարտից  մինչև խաղաղություն և  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կայացում , քաղաքացու  և քաղաքական գործչի  իմ պարտքն եմ համարել ուժերիս ներածի չափով  աջակցել պետականաշինությանը: Որտեղ որ եղել եմ, աշխատել եմ  ազնիվ և անմնացորդ,ղեկավարվել եմ պարտքով  և խղճով:  Հարյուրավոր ելույթներ եմ ունեցել միջազգային հարթակներում` ներկայացնելով  Հայաստանի Հանրապետությունը ու Ազգային ժողովում` ներկայացնելով ՀՀԿ-ի տեսակետներն ու որոշումները:Խոսել եմ այնտեղ ,որտեղ շատերը  հաճախ  լռել են կամ  թաքնվել:                        21 տարի  Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ և այս տարիների ընթացքում  ակտիվորեն ներգրավված եմ եղել կուսակցական աշխատանքներում՝ 13 տարի  ղեկավարել եմ  ՀՀԿ Կանանց խորհուրդը (մոտ 80 հազ.անդամ) , որը կարողացավ ակտիվ գործունեությամբ իր լրջագույն  մասնակցությունը ունենալ թե ՀՀ քաղաքական դաշտում և թե միջազգային հարթակներում,  ձևավորելով համերաշխ ու միասնական մի ընտանիք, որտեղ գերիշխում էր համախմբվածությունը հանուն ընդհանուր գործի :             Այս ամբողջ  ժամանակահատվածում ամուր է եղել կապս ընտրողների հետ,հազարավոր մարդկանց ընդունել և փորձել եմ նեցուկ լինել նրանցից յուրաքանչյուրին:               Այսօր  շնորհակալություն  եմ հայտնում  իմ կուսակիցներին,  բոլոր գումարումների պատգամավորներին, Ազգային Ժողովի աշխատակիցներին, բոլոր գործընկերներիս, արտախորհրդանական ու հասարակական կազմակերպություններին, փորձագիտական, գիտական ու մշակութային շրջանակներին, լրագրողներին` համագործակցության ու համատեղ աշխատանքի համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ «ընտրողներին և չընտրողներին» և թողություն խնդրել բոլոր այն սխալների  ու բացթողումների  համար, որ ունեցել  ենք ես ու իմ կուսակցությունը  մեր անցած ճանապարհին: Հավատացեք ՝ մենք գործել ենք հանուն մեր դավանած արժեքների և ցավում եմ, որ չենք արդարացրել ձեր հույսերն ու վստահությունը: Բայց,  ամեն ինչ ճանաչվում ու գնահատվում է ժամանակի  մեջ:          Դեկտեմբերի 9 –ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել եմ  պատգամավորության թեկնածու ՀՀԿ համապետական  և թիվ 12 տարածքային ցուցակում: Շնորհակալություն հայտնելով  առաջադրման համար հայտարարում եմ , որ  չեմ մասնակցելու ընտրությանը, սակայն որպես ՀՀԿ անդամ  կնպաստեմ նրա հաջողությունը:  Դա խորապես գիտակցված ու անձնական որոշում է և որևէ կապ չունի ստեղծված քաղաքական իրավիճակի հետ:         Օգտվելով առիթից իմ շնորհակալությունն եմ հայտնում բազմաթիվ համակիրներիս, որոնք այս օրերին թե ամբողջ հանրապետությունում և թե թիվ 12 ընտրատարածքում պատրաստվում էին ընդգրկվել իմ նախընտրական թիմում:           Հաջողություն եմ մաղթում 7-րդ գումարման Ազգային ժողովի ապագա պատգամավորներին,  ուզում եմ,  որ նրանց գործունեությունը լինի ի շահ պետության ու ժողովրդի` թե իշխանության, թե ընդդիմության դիրքերից: Ուզում եմ վստահ լինել, որ նրանք չեն սկսելու զրոյական  կետից, այլ շարունակելու են անցած տասնամյակներում կուտակված խորհրդարանական պատմության ու փորձի լավագույն ավանդույթները, որոնց կայացման մեջ եղել է նաև իմ համեստ ներդրումը: Հերմինե Նաղդալյան ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ԱԺ  առաջին,երկրորդ, երրորդ, չորորդ, հինգերորդ, վեցերորդ գումարումների պատգամավոր