Արմեն Գյուլբուդաղյանցը նշեց, թե ինչ է պետք մեր ֆուտբոլիստների արագ աճի համար (տեսանյութ)
«Ընդհանուր արդյունքներից գոհ չեմ, բայց Մակեդոնիայի տնային եւ Ջիբրալթարի արտագնա խաղերի արդյունքից գոհ եմ: Սակայն խնդիրներ ունեցանք, քանի որ երկուական գոլեր բաց թողեցինք Ջիբրալթարի եւ Լիխտենշտեյնի հետ վերջին խաղերում: Թիմային պաշտպանությունը մեր մոտ դեռեւս կաղում է», - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ելույթներն Ազգերի լիգայում այսպես ամփոփեց թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդացյանցը, որն այսօր հանդիպեց լրատվամիջոցների հետ: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, ազգային թիմի պատասխանատուն ասաց, որ ամեն ինչ պարզ կդառնա դեկտեմբերի 2-ին կայանալիք վիճակահանությունից հետո: «Տեսնենք, թե ինչպիսի խմբում կհայտնվենք: Եթե 5 թիմերից խումբ մեզ բաժին հասնի, ապա ստուգողական խաղեր անցկացնելու հնրարավորություն կունենանք, իսկ 6 թիմի դեպքում այլեւս ազատ օր չկա դրա համար: Ինչ վերաբերում է հավաքականի սերնդափոխությանը վերաբերող հարցին, ապա Արմեն Գյուլբուդաղյանցը նշեց, որ այդ գործընթացը չպետք է արհեստականորեն կատարվի: «Հավաքական եկող նոր ֆուտբոլիստը պետք է արժանի լինի թիմում խաղալու: Օրինակ, Պետրոս Ավետիսյանը Հայաստանի երիտասարդական հավաքականում եւ Հայաստանի առաջնությունում ցույց տված իր խաղով վաստակել է նման իրավունք: Սերնդափոխպությունը պետք է բնականոն ընթանա: Մենք ունենք ֆուտբոլային լավ որակներ ունեցող երիտասարդներ, սակայն նրանք պետք է ամեն օր աշխատեն իրենց վրա, կատարելագործվեն, ավելի շատ նվիրվեն իրենց գործին: Դրանից հետո նոր նրանք կարող են մտածել հավաքականում խաղալու մասին», - ասաց փորձառու մասնագետը: «Ա1+»-ի այն հարցին, որ երկար տարիներ աշխատելով հայկական թիմերում, որն է գլխավոր պատճառը, որ մեր ֆուտբոլիստները չեն առաջադիմում եւ չեն հասնում միջազգային բարձր մակարդակի, Արմեն Գյուլբուդաղյանցն ասաց. «Մեր շատ ֆուտբոլիստներ գնացել են այլ երկրներ, ուղակի նրանց ետեւից եկող ֆուտբոլիստների մոտ իրոք աճը կանգնել է: Մենք ունենք ֆուտբոլային լավ որակներով օժտված պատանիներ, Եթե մենք ստեղծենք բոլոր պայմանները, ինչպես նաեւ մարզիչներով համապատասխանենք միջազգային չափանիշներին, ապա մեր պատանի ֆուտբոլիստների մոտ աճն ավելի արագ կընթանա», - եզրակացրեց հավաքականի գլխավոր մարզիչը: