A
A
Նախարարությունը հորդորում է իրականացնել ագրոմիջոցառումներ լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ
Հաշվի առնելով 2018 թվականին լոլիկի հարավամերիկյան ցեցի (Tuta absoluta) մեծ տարածումն ու զարգացումը և դրա հետևանքով մորմազգի մշակաբույսերի (լոլիկ, սմբուկ, տաքդեղ, կարտոֆիլ և այլն) ցանքերին հասցված վնասը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու հողօգտագործողներին ընթացիկ տարվա աշնան-ձմռան ամիսներին իրականացնել հետևյալ ագրոմիջոցառումները՝
- աշնանը՝ բերքահավաքից հետո, հավաքել և ոչնչացնել կամ առնվազն 50 սմ խորությամբ հորել մորմազգի մշակաբույսերի փրերը (կանաչ զանգվածը), ինչպես նաև դաշտերը շրջապատող հարակից տարածքների մորմազգի մոլախոտային բուսականությունը,
- դաշտերում, որոնք նախատեսվում են հաջորդ տարի մորմազգի մշակաբույսերի ցանքի կամ սածիլման համար, ուշ աշնանը կատարել հողի խորը վար,
- ձմռանը՝ հունվար ամսին, երբ հողը սառած է, կատարել կրկնավար,որի արդյունքում՝ վարելաշերտի ստորին հատվածում պատսպարված վնասատուներն ու հիվանդությունների հարուցիչները, տեղափոխվելով հողի մակերես, կոչնչանան:
- կիրառել ցանքաշրջանառություն, մորմազգիներով նախկինում զբաղեցրած տարածքներում բացառել նույն ընտանիքի մշակաբույսերի մշակությունը: