Բողոքում են գործարար կանայք
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Երիտասարդ կանանց ասոցիացիայի անդամները: «Ա1+»-ի հետ զրույցում ասոցիացիայի անդամ Եսենյա Սիմոնյանը նշեց, որ իրենց պահանջն է, որպեսզի կառավարությունը հավասար պայմաններ ստեղծի կանանց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար: «Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի կառավարությունն ուշադրություն դարձնի գործարար կանանց՝ հիմնականում համայնքներում բնակվող: Որովհետև շարունակ խախվում են նրանց իրավունքները: Չկան ավելի լավ հնարավորություններ ավելի զարգացնելու բիզնեսը»,- մանրամասնեց նա: Երիտկանանց առաջարկներից էր նաև ավելի ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրումը: Մասնավորապես նշվում էր, որ ուշադրություն դարձվի գյուղատնտեսական վարկերին: Որ գյուղատնտեսական վարկերը կանանց համար լինեն հասանելի, և ոչ թե ընտրովի, որպեսզի կարողանան զարգացնել իրենց բիզնեսը: Հիշեցնենք, որ այսօր կանանց ձեռներեցության միջազգային օրն է: