Ուղիղ. Ոչ ոք չի կարող հայ ժողովրդի հետ խոսել կարեկցանքի քամ քամահրանքի լեզվով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Այսօր Գեղարքունիքի Մարտունի քաղաքի օրն է։ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է տոնական միջոցառումներին։ Շնորհավորելով մարտունեցիներին՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Ես համոզված եմ, որ Մարտունին միշտ էլ հպարտանալու առիթ ունի։ Մարտունեցիները, ՀՀ այլ բնակավայրերի քաղաքացիների նման, աշխատասեր են, հպարտ։ Մարտունեցիները արտագնա աշխատանքի մեկնում են ոչ թե դրսում մնալու, այլ իրենց ընտանիքները պահելու և վերադառնալու»։ Փաշինյանն ասաց, որ երկրում տեղի ունեցած ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ ամեն քաղաքացի երկրի տեր է, իշխանություն է։ «Ես համարում եմ առավելություն, որ ՀՀ-ում կա 3 միլիոն վարչապետ»։ Եթե մեզանից ամեն մեկը վարչապետ է, ուրեմն ամեն մի քաղաքացին պատասխանատվություն ունի երկրի համար՝ ասաց Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը նաև նկատեց. «Մենք աշխարհին ապացուցել ենք, որ փոքր ժողովուրդ չենք, գուցե փոքրաթիվ ենք, բայց՝ մեծ ժողովուրդ ենք։ Մենք արել ենք մի բան, որ մինչ այդ աշխարհի ոչ մի ժողովուրդ չէր արել։ Ոչ ոք չի կարող ապացուցել, թե մենք փոքր, խեղճ, անօգնական, հուսահատ ժողովուրդ ենք։ Որևէ մեկը չփորձի մեզ հետ խոսել կարեկցանքով կամ քամահրանքով։ Մենք հաղթած ու հաղթող ժողովուրդ ենք։ Սա Գրիգոր Նարեկացու, Մեսրոպ Մաշտոցի ժողովուրդն է, սա Մոնթե Մելքոնյանի ժողովուրդն է, սա մարշալ Բաղրամյանի ժողովուրդն է, Տիգրան Մեծի ժողովուրդն է»։