Կայացավ «Երարդշինի ակնթարթե թռիչքներ»-ի շնորհանդեսը
Ճարտարապետների միությունում կայացավ Ռուդիկ Գևորգյանի «Երարդշինի ակնթարթե թռիչքներ»՝ թվով 5-րդ գրքի շնորհանդեսը: «Երարդշինի ակնթարթե թռիչքներ» գիրքը ինքնատիպ մասնագիտական, պատմական ուղեցույց է, որում ներկայացված են Հայաստանի կառուցապատման աշխատանքներում շինարարական խոշորագույն կազմակերպության՝ «Երարդշին» տրեստի դերը՝ կայացման և զարգացման փուլերը: Գրքում մանրամասն ներկայացված է տրեստի հիմնադրման տարուց՝ 1944թ-ից, Հայաստանում կառուցված կարևորագույն գործարանների ու ֆաբրիկաների ցանկը, որոնք ապահովել են հանրապետության ժողովրդական տնտեսության զարգացումը: Գիրքը նվիրված է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ, բազմահմուտ շինարար՝ Լևոն Շահբազյանի հիշատակին: «Երարդշին» տրեստը համարվել է իր ժամանակի լավագույն շինարարական կազմակերպությունը, որը 1975-1980 թթ-ի ժամանակահատվածում հինգ անգամ արժանացել է միութենական բարձրագույն պարգևների, տրեստի անունը ոսկե տառերով էր գրված ԽՍՀՄ ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսի պատվո տախտակին։ Հայաստանի անկախությունից հետո «Երարդշին» տրեստի նվիրյալները չդադարեցին գործել և հիմնեցին «Հորիզոն-95» ՍՊԸ-ն, որտեղ ընդգրկված շինարարներն առ այսօր շարունակում են իրականացնել շինարարական խոշոր ծրագրեր: ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյան