Քաղաքապետարանն ընդդեմ փողոցային առևտրի (տեսանյութ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ոչ շատ հեռու՝ Տիգրան Մեծ պողոտայում բացօթյա առեւտուր անողները ստիպված էին հավաքել իրենց ապրանքները։ Նման պահանջ ստացել են Երևանի կենտրոն վարչական շրջանի թաղապետարանից: Ալլա Դավթյանը, որի խոսքով 30 տարուց ավել այդտեղ առևտրով է զբաղվում, լացակումած նշեց. «Ինքս ինձ պահում եմ, հագուստ եմ վաճառում, որ սովից պրծնեմ»: 80-ամյա Մարիամ Պապյանն էլ հիշեցնում է, որ իր տարիքում այլ աշխատանք չի կարող կատարել։ Ստիպված է առեւտրով զբաղվել, քանի որ վաստակած գումարով հիվանդ որդու դեղորայքը պետք է գնի։ «Ես 20 տարի է այս փողոցի վրա առևտուր եմ անում: Եթե ես չանեմ, իմ երեխան կմեռնի»: Կենտրոն վարչական շրջանի՝ Առևտրի սպասարկումների և գովազդի բաժնի ներկայացուցիչ Ալեքսան Արևշատյանը «Ա1+»-ին հայտնեց, որ բազմիցս են զգուշացրել քաղաքացիներին, այդ հատվածում առևտուրը դադարեցնելու մասին։ «Փողոցում առևտուր են իրականացնում, որը ոչ սահմանված տեղում է: Մեր օրինական պահանջն է, որ հավաքեն ապրանքը, հակառակ դեպքում կկազմվի վարչական արձանագրություն»: Չնայած բողոքին՝ առեւտրականները ստիպված էին դադարեցնել առեւտուրը։