Կաթողիկոսն օրհնեց մարզպետին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Արմավիրի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանին` ուղեկցությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Նորին Սրբությունը նորանշանակ մարզպետին իր բարեմաղթանքները փոխանցեց` վստահություն հայտնելով, որ Մայր Աթոռի և մարզպետարանի միջև ձևավորված սերտ գործակցությունը կշարունակվի արդյունավորվել նոր կենսագործումներով: Վեհափառ Հայրապետը մարզպետին ներկայացրեց մարզի տարածքում սոցիալական, կրթական և այլ ոլորտներում Մայր Աթոռի և Արմավիրի թեմի գործունեությունը: Իր հերթին պրն. Համբարձում Մաթևոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց մարզում իրականացվելիք առաջնահերթ ծրագրերը, ինչպես նաև կարևորեց տարբեր բնագավառներում Հայոց Եկեղեցու հետ համագործակցությունը: Վերջում, իր գնահատանքը բերելով մարզպետին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթեց Աստծու օրհնության ներքո պատվով իրականացնել իր ծառայությունը: