Ջավախքը քվեարկել է Զուրաբիշվիլիի օգտին (տեսանյութ)
Հոկտեմբերի 28-ին Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլում նախագահ չի ընտրվել: Ըստ նախնական տվյալների՝ երկրորդ փուլ են անցել Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմության ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն: «Ընդդիմությունը պատրաստ է պայքարել, և այդ հարցում նրանց աջակցում է Վրաստանի նախկին նախագահ Սահաաշվիլին»,- նշում է վրացագետ Ջոնի Միքայելյանը: Վրացագետի կարծիքով՝ ընտրությունների երկրոդ փուլի երկու հնարավոր սցենար կա: «Եթե Սալոմե Զուրաբիշվիլին հաղթի, ապա հնարավոր է՝ տեղի ունենան ոչ մեծ մասշտաբի բողոքի ցույցեր: Իսկ եթե Գրիգոլ Վաշաձեն հաղթի, ապա Վրաստանում հնարավոր է՝ տեղի ունենան ակտիվ գործընթացներ: Օրինակ՝ նախագահի ունեցած լիազորություններով կարող է համաներում հայտարարել և Միխեիլ Սաակաշվիլիին վերադարձնել Վրաստան»: Հարցին, թե Հայաստանի շահերից ո՞ր թեկնածուի հաղթանակն է կարևոր, վրացագետը նշեց, որ որևէ թեկնածուի հաղթանակից ինչ-որ բան կախված չէ հայ-վրացական հարաբերություններում: «Կարևորը քաղաքական թիմն է: Մենք հիշում ենք «Միացյալ ազգային շարժման» փորձը, հայ-վրացական հարաբերությունները լավ էին, բայց թե՛ Սահակաշվիլիի օրոք, թե՛ Վաշաձեի օրոք Վրաստանի հարաբերությունները ավելի խորացան հարևան Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Մենք պետք է հասկանանք, որ եթե այդ թիմը գա իշխանության, ապա իրենք ավելի հակված են խորացնելու հարաբերությունները այդ երկրների հետ: Չէի ասի, թե հակահայկական քայլեր կլինեն, բայց մենք հասկանում ենք այդ հարաբերությունների ռիսկային լինելը»: Իսկ թե թեկնածուներից ու՞մ օգտին է քվեարկել հայ համայնքը, վրացագետը ընգծեց, որ մեր համայնքը տարիների ընթացքում սատարել է գործող իշխանություններին: Ախալքալաքում, Նինոծմիդայում հիմնականում քվեարկել են Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին: Վրացագետը հավելեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 20 օրվա ընթացքում: