Դավիթ Սանասարյանը մոտ 1 միլիոն դոլարի «բերքահավաք» է արել (տեսանյութ)
Պետական վերահսկողության ծառայությունը պետբյուջե կփոխանցի մեկ միլիոն դոլարին համարժեք դրամ: «Երկուշաբթի օրը վարչապետին կներկայացնենք 1 միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները: Մի մասը Բարձրավոլտից է, «Լուսանշան» ՊՈԱԿ-ից»,-ասաց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: «Բերքահավաքը» շարունակվում է, եւ տարվա վերջին մի քանի անգամ ավել միլիոն դոլար կմուտքագրեն: Տեղեկացրեց Սանասարյանը. «Մենք վերջացրել ենք Ագրարային համալսարանի ստուգումները: Նախկին ռեկտորը համաձայնվել է 350 մլն դրամի հետբերում անել պետբյուջե: Հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրանց ճանապարհը: ԵՊՀ-ի ստուգումներն առաջիկայում կվերջացնենք: Լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում ևս: Գումարի մասով վերջնական չափ չեմ կարող ասել, բայց նախնական տվյալներով երկու կամ ավելի անգամ գերազանցելու է Ագրարայինին: Դա վերջնական տվյալ չէ»: Չարաշահումներ կան նաեւ Պետական եկամուտների կոմիտեում: Երկու ամիս առաջ վերանշանակված ՊԵԿ երեք աշխատակիցների՝ կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքը, կոմիտեի նախագահն իրենց համակարգի համար վատ երեւույթ է համարում: «Բայց, բազմաթիվ առիթներ ենք ունեցել ասելու, որ մենք ինքներս պայքարում ենք կաշառակերության դեմ: Այո, մենք պնդում ենք, որ չկա համակարգային կաշառակերություն, բայց առանձին դեպքերի առումով մենք պայքար ենք մղում»,-հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը անդրադառնալով աջ ղեկով մեքենաներին,մեկ անգամ ևս հիշեցրեց. օրենքն արգելում է Հայաստան ներկրել այդ մեքենաները. Աջ ղեկով մեքենաներ ներմուծել ցանկացողների հետ տեղի կունենան քննարկումներ, որոնք շարունակական բնույթ կկրեն: Հավաստիացրեց նախարարի պաշտոնակատարը: