Հայաստանում բնակչության 6 տոկոսը թերսնված է, թեեւ երկրին սով չի սպառնում
2030 թվականին աշխարհում հնարավորություն կլինի զրոյացնել սովը: Պարենի համաշխարհային օրն այս տարի նշվում է հենց այդ կարգախոսով: Գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնակատար Գառնիկ Պետրոսյանը Պարենի օրվա խորհուրդն ու նպատակը ներկայացնելիս, շտապում է նշել, որ Հայաստանին սովը չի սպառնում: «Մենք առանձնապես սովի վտանգ չունենք, սակայն Հայաստանը ցածր միջին եկամուտ ունեցող եւ պարեն ներմուծող արտաքին ցնցումների նկատմամբ խոցելի երկիր է, եւ ըստ ազգային գնահատումների՝ Հայաստանի բնակչության 6-ը տոկոսը, ըստ 2015թ. տվյալների, սպառել է ակտիվ եւ առողջ կենսաձեւ վարելու համար անհրաժեշտ կալորիաների անբավարար քանակ, այլ խոսքով՝ եղել է թերսնված»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը: Փոխնախարարի պաշտոնակատարի խոսքով՝ վիճակը ավելի մտահոգիչ է ազգաբնակչության աղքատ եւ ծայրահեղ աղքատ խավի մոտ. «2016թ. աղքատության մակարդակը մեր երկրում կազմել է 29,4, իսկ ծայրահեղ աղքատությունը 1,8 տոկոս»: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն շեշտելով, որ Հայաստանում սով չլինելու փաստը, սակայն նշեց, որ 5 տարեկանից փոքրիկ երեխաների շրջանում 9,6 տոկոսը թերաճ են, ինչը նշանակում է, որ բավարար չափով չեն ստանում այն սննդակարգը, որն անհրաժեշտ է նրանց լիարժեք աճի համար: «Զրո սով ստանալու համար կարեւոր է ձեռնարկել հետեւյալ միջոցառումները: Մենք պետք է ջանքեր գործադրենք թերսնուցումը նվազեցնելու ուղղությամբ, պետք է պարենը հարստացնենք, եւ պետք է ունենանք նաեւ սննդամթերքի պահման համապատասխան պահոցներ, եւ համապատասխան քաղաքականություն»,-նշեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: Հայաստանում երեխաների թերհասության թվի նվազեցման համար պետք է կիրառվի դպրոցական սննդային ծրագիր, որն ավելի շատ սնունդ կպարունակի: Գառնիկ Պետրոսյանի խոսքով, թերսնուցման խնդիրն ամբողջությամբ պայմանավորված է աղքատության բարձր մակարդակով. «Երբ մենք խոսում ենք գյուղատնտեսական ապրանքների ծավալների ավելացման մասին, դա չի նշանակում, որ այն մատչելի է եւ հասանելի է նշված խավի համար: Նրանց սննդակարգում բացակայում են այն շատ կարեւոր, շատ անհրաժեշտ սննդատարրերը, որոնք ուղղակի առողջապահական նորմատիվներով անհրաժեշտ է ունենալ»: «Դրա համար անհրաժեշտ է կրճատել գյուղմթերքի ինքնարժեքը եւ որքան հնարավոր է ավելի մատչելի գներով այն շուկա հանել»-, ասում է Գառնիկ Պետրոսյանը: Իսկ սովի զրոյական մակարդակի հասնելու նպատակը՝ վերացնել սովը, հասնել պարենային ապահովության ու բարելավել սնուցումն ու խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը: