Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր մանրամասներ Ավանի ավազակային հարձակման գործից

Պաշտոնական
qnnchakan-komite

Երեկ «Ա1+»-ը տեղեկացրել էր, որ  պարզվել է Ավանում ավազակային հարձակում իրականացրած անձի ինքնությունը։ Այսօր Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։ 2018թ-ի հոկտեմբերի 13-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, զինված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող դեղատուն, որտեղ դեղագործի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ Հափշտակելով 15.100 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ զինված անձը դիմել է փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան, և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Դեղագործը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի արտաքին տվյալների վերաբերյալ և անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին  հանձնարարություն տրվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին: 14.10.2018թ. վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել կասկածյալը, ով Երևանի բնակիչ է, ծնված՝1997 թվականին: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, դանակ, 5.000 ՀՀ դրամի մետաղադրամների կապոց, որը, քննության տվյալներով, հափշտակվել էր դեղատնից: Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ, նրա մասնակցությամբ կատարվել  դեպքի վայրի զննություն: Նույն օրը՝ 14.10.2018թ., կասկածյալի եղբայրը ներկայացրել է նաև MP-654K մոդելի T12049377 համարի ատրճանակը, որը, ըստ հայտարարության, դեպքի օրը գտնվել է 21-ամյա երիտասարդի մոտ։  Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաքիմիական, դատաքրեագիտական փորձաքննություններ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ