Վարչապետից մեկ հանձնարարական եմ ստացել. Գեղարքունիքի մարզպետ
Բնապահպանության նախարարի տեղակալի աշխատանքային փորձը կօգնի Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին. «Ես շատ լավ ծանոթ եմ Սեւանա լճի խնդիրներին, եւ այդ ամենը կօգնի մարզի խնդիրները լուծելուն»: Նորանշանակ մարզպետը շեշտեց՝ Գեղարքունիքում խնդիրները շատ են, եւ բնակիչներից շատերը մեկնում են արտագնա աշխատանքի: «Արտագնա աշխատանքի մեկնելը երկակի ազդեցություն ունի, ձեռնտու է տնտեսական առումով, բայց մյուս կողմից մարդիկ կտրվում են իրենց ընտանիքներից: Դրականը այն է, որ գնացողների 90 տոկոսը հետ է գալիս մարզ եւ նաեւ իրենց աշխատած գումարներն են բերում»: Մարզպետը նշեց, որ իրենց հիմնական խնդիրներից մեկը կլինի նոր աշխատատեղերի ստեղծումը: Հարցին, թե արդյո՞ք վարչապետից առաջիկա ընտրությունների հետ կապված ստացել է հանձնարարականներ, Գնել Սանոսյանը նշեց. «Մենք վարչապետից միայն մեկ հանձնարարական ենք ստացել՝ աշխատել պատվով եւ ջանասիրությամբ մարզի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար»: Մարզպետը նաեւ տեղեկացրեց՝ մարզում կադրային ջարդ չի լինելու, բայց փոփոխություններ սպասվում են: «Փոխմարզպետները հավանաբար կփոխվեն»,- ասաց Գնել Սանոսյանը: