Ազնավուրի հիշատակը հարգեցին նաև ՔԿՀ-ներում
Աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: Հոկտեմբերի 5-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալները կազմակերպել էին հրաժեշտի ցերեկույթ: Նրանք միջոցառման ընթացքում հանդես եկան ոչ միայն գեղեցիկ ասմունքներով՝ նվիրված մեծն շանսոնյեին, այլ նաև ներկայացրին նրա կյանքն ու գործունեությունը: Ցերեկույթի ողջ ընթացքում հնչեցին Շառլ Ազնավուրի անմահ կատարումները: Միջոցառման ավարտին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կրոնական անկյունում: Արարողությունն ավարտվեց մոմավառությամբ: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անձնակազմը ևս իր սերը, երախտագիտությունն ու հարգանքը հայտնեց մեծն Շառլ Ազնավուրին: Ծառայողները ծաղիկներ խոնարհեցին Արթիկ քաղաքի Անկախության հրապարակում տեղակայված Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանում, որն այս օրերին վերածվել է Շառլ Ազնավուրի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հարթակ, և գրառումներ կատարեցին հուշամատյանում: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին