Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Բաբլոյանը Ստեփանակերտում հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Պաշտոնական
naxrragah

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն: Սեպտեմբերի 29-ին Արա Բաբլոյանը Ստեփանակերտում հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարները կարճատև առանձնազրույցի ընթացքում քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, Հայաստանի ներքաղաքական զարգացումներին  և առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր: Հանդիպումն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների և ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին՝ Արցախի Հանրապետության  խորհրդարանի ղեկավարն ԱԺ անունից վերստին շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:  Աշոտ Ղուլյանը կարևորել է երկու խորհրդարանների միջև առկա սերտ համագործակցությունը թե՛ մշտական հանձնաժողովների, թե՛ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել օրենսդրական աշխատանքների ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ու ակտիվացմանը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ևս կարևորել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խորհրդարանների միջև առկա կապերի զարգացումը և խորհրդարանի դերի բարձրացումը՝ երկրի բնականոն և անցնցում կենսագործունեության առումով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ներքաղաքական ներկա իրավիճակին և հնարավոր զարգացումներին, երկու երկրների առողջապահական ոլորտներին, միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող թեմաների: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի անցկացման վերաբերյալ: Խորհրդարանում տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահը ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախյան ազատագրական պայքարի զոհերի հիշատակին: Այցի շրջանակում երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներն այցելել են նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Ստեփանակերտի մասնաճյուղ և ծանոթացել կենտրոնում իրականացվող կրթական ծրագրերին: