Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է տրանսպորտի նախարարություն

Պաշտոնական
news153776916371191240920181

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ  Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը`Տրանսպորտի և  ՏՀՏ պրակտիկայի մենեջեր Խուան Գավիրիայի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում»-ը նախարարության լավագույն ծրագրերից է, որը մեծ խանդավառությամբ է ընդունվում նաև համայնքների բնակիչների կողմից: Ծրագիրն իրականացվում է արդեն 10 տարի՝ երկու փուլով. ներդրվել է 85 միլիոն դոլար ու վերականգնվել է շուրջ 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք: Խուան Գավիրիան շնորհակալություն է հայտնել արդյունավետ գործակցության համար, ընդգծել է, որ արդյունքը շատ գոհացնող է: Նա ասել է, որ առավոտյան այցելել է ծրագրի շահառու երկու համայնքներ, անձամբ դիտարկել կատարված աշխատանքն ու լսել համայնքի ղեկավարների գոհունակության խոսքերը: Նրանք նշել են, որ վերջնարդյունքը շատ ավելի գոհացուցիչ է եղել, քան իրենց սպասումները, քանի որ, բացի ասֆալտապատումից, ծրագրի շրջանակներում ճանապարհները ապահովվել են անվտանգության նշաններով ու գծանշումներով, հարկ եղած ժամանակ տեղափոխվել են նաև գազատար ու ջրատար համակարգերը: «Կենսական նշականության ճանապարհների վերականգնման» ծրագիրը նախատեսվում է ավարտել 2018թ.- ի վերջին, սակայն ՀԲ ներկայացուցչի և նախարարի քննարկման ընթացքում դիտարկվեց ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունը, որի դեպքում ծրագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով: Նախարարը նշեց, որ շարունակական համագործակցության պատրաստակամությունը մեծ է, և կառավարությունը սահմանել է ճանապարհաշինության ոլորտում որակի խստագույն հսկողություն, ինչը վերաբերում է նաև այս ծրագրին: Կարևորելով համայնքների զարգացման գործում ճանապարհների բարելավման դերը՝ Աշոտ Հակոբյանը նաև նշեց, որ ծրագիրը կնպաստի միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացին:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն