Գյուղնախարարը հանդիպել է Եվրաբանկի ներկայացուցիչներին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ագրոբիզնեսի հարցերով տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Վոյցեխ Բոնյաշչուկը նշել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է ագրարային ոլորտում ֆինանսավորման ծրագրեր իրականացնելու հեռանկարով՝ հույս հայտնելով, որ այդ հարցում արդյունավետ համագործակցություն կծավալեն նախարարության հետ։ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է ագրարային քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնահարցերը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արժեշթղայի զարգացման, հողերի խոշորացման, գյուղացիական տնտեսությունների առևտրայնացման մակարդակի բարձրացման և միավորումների ստեղծման համար նախադրյալների և խթանների ստեղծման հարցերին։ Արթուր Խաչատրյանը նշել է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի և փոքր ու միջին տնտեսությունների ֆինանսավորման հնարավորությունը։ Կողմերը նպատակահարմար են համարել նաև վերամշակման ոլորտի ֆինանսավորումը՝ ինչը կնպաստի գյուղմթերքի պահանջարկի ավելացմանը և կդյուրացնի փոքր ընկերությունների համար շուկաների հասանելիությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին