Հայաստանից դուրս հանված փողերը վերադարձնելու ենք. Փաշինյան (տեսանյութ)
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը հայտարարեց, թե միջազգային վերլուծության է ծանոթ, ըստ որի Հայաստանում ներդրումների ծավալը 2-րդ եռամսյակում նվազել է 43 տոկոսով։ Նաև, ըստ Աճեմյանի, Մոսկվայում հայ գործարարների հետ վարչապետի հանդիպումից հետո առանձին գործարարներ նշել են, թե կարող են իրենց ակտիվները հանել Հայաստանից։ Տիկին Աճեմյանի կարծիքով՝ վարչապետի հայտարարությունները, սպառնալիքները վտանգում են Հայաստանի ներդրումային հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանը պատասխանեց, որ բոլոր միջազգային կառույցները միշտ արձանագրել են, որ ներդրումային մթնոլորտին խանգարում են երեք գործոն՝ կոռուպցիա, մենաշնորհներ՝ գիծ օլիգարխիա և կոռումպացված դատական համակարգ։ Ջախջախված է կոռուպցիան, մենաշնորհներ չկան, դատական իշխանության բարեփխումն ընթացքի մեջ է,- ասաց վարչապետը։ «Ես կարող եմ ձեր կասկածները փարատել հետևյալ փաստերով՝ հունիսին ունեցել ենք տնտեսական ակտիվության 9,6 տոկոս ցուցանիշ,հուլիսին՝ 11,1 տոկոս։ Բանկային համակարգում ավանդներն այսօր ավելին են,քան երբևէ,վերջին ամիսներին ակտիվներն աճել են շուրջ 100 մլն դոլարով»,- նշեց Փաշինյանը։ «Ինչ վերաբերում է հաշվետու եռամսյակին, ապա նաև՝ ձեր խմբակցության հետ կապ ունեցող անձինք որոշել էին հանել Հայաստանից իրենց փողերը։ Բայց ես ձեզ հավատացնում եմ, որ փողերը կգտնվեն ու կվերադարձվեն Հայաստան»,- եզրափակեց վարչապետը։