Աղբահանության որակը կլավանա. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն անդրադարձավ Երևանում աղբահանության խնդրին՝ ընդգծելով, որ ինքը հարկադրված է դիմում կառավարությանը, քանի որ Երևանի քաղաքապետարանն այսօր, փաստացի չի աշխատում։ Հարցին պատասխանեց տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։ «Երևանում աղբահանության վիճակը ծանր է։ Խնդիրը «Սանիթեքի» ու Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի և դրա պայմանների չկատարման մեջ է։ «Սանիթեքը» նույնիսկ մի քանի անգամ տուգանվել է»,- ընդգծեց նախարարը։ Պապիկյանն ասաց, որ ինքը մի քանի անգամ հանդիպել է «Սանիթեքի» տնօրենին։ Ընկերությունը պատճառաբանել է, թե ավտոպարկը վաղուց չի թարմացվել։ Ընդ որում խնդիրը նոր չէ։ Նախորդ տարի էլ երևանցին բախվել է այս խնդրին։ Երևանը չունի քաղաքապետ, բայց ունի պաշտոնակատար, ում նախաձեռնությամբ Երևանի մաքրման գործում լրացուցիչ տեխնիկա է ներգրավվում։ Պապիկյանը նաև տեղեկացրեց, որ «Սանիթեքի» տնօրենը ներկայացրել է պայմանագրերը, փոխանցված գումարը, որ 5 նոր աղբահան մեքենա մի քանի օրից կլինի Երևանում։ Սա հույս է ներշնչում, որ մինչ քաղաքապետի ընտրությունը խնդիրը որոշակիորեն կկարգավորվի։ Ըստ Պապիկյանի՝ ճիշտ կլինի հետագայումաղբահանության 2-րդ օպերատորի ներգրավումը։