Քրեական գործ՝ ԴԱՀԿ աշխատակիցների անգործության պատճառով
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ: Երևանի բնակիչ Մարգարիտա Պապոյանին դեռևս 2002 թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ Երևանի քաղաքապետը Հյուսիսային պողոտայի օտարման տարածքում գտնվող նրա կրպակի տարածքի փոխարեն Թումանյան փողոցում 7 տարի ժամկետով 5 քմ տարածք է տրամադրել: Սակայն որոշումը թղթի վրա է մնացել, և վարձակալության պայմանագիր նրա հետ այդպես էլ չի կնքվել: Դատական բողոքարկման արդյունքում Վարչական դատարանը 2008 թ. հուլիսի 30-ին Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել է կատարել 2002 թ.-ի հոկտեմբերի 10-ի որոշումն ու Մ. Պապոյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր: Չնայած նրան, որ որոշումը ներկայացվել է հարկադիր կատարման, ԴԱՀԿ-ն այն չի կատարել: