Զարուհի Փոստանջյանը դատի է տվել Տարոն Մարգարյանին
Լրագրողների մասնագիտական, օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի մեղադրանքով պետք է տեղի ունենա Տարոն Մարգարյանի և Արթուր Գևորգյանի հարցաքննությունը 2018թ. փետրվարի 19-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել՝ իր հրավերով Երևանի քաղաքապետարան այցելած լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական, օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ: 2018թ. մարտի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արամ Մկրտչյանը որոշում էր կայացրել՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և Արթուր Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Սույն գործի դատաքննությունն իր շարունակությունն էր ունեցել ՀՀ գլխավոր դատախազությունում, այնուհետև՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ թիվ ԵԴ/0123/11/18 գործի շրջանակներում բողոքն ամբողջությամբ մերժվել էր՝ անհիմն և չհիմնավորված լինելու պատճառաբանությամբ: Սույն որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 31-ին բավարարել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բողոքը, հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ակնկալում ենք, որ Տարոն Մարգարյանն ու Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը կներգրավվեն որպես մեղադրյալներ: «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն