ՌԱԿ հայտարարությունը՝ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ
Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ հորդորում է երեւանաբնակ իր անդամներին¸ համակիրներին եւ առհասարակ բոլոր երեւանցիներին՝ քաղաքացիական պատասխանատվությամբ ու ազգային-քաղաքական գիտակցությամբ մասնակցել առաջիկա ընտրություններին եւ իրենց ձայնը տալ ըստ իրենց հայեցողության՝ հարմարագույն թեկնածուներին։ ՌԱԿ Կենտրոնական վարչությունը հիշեցնում է բոլորին¸ որ առաջիկա ընտրությունները հանդիսանալու են առաջինը՝ <<թավշյա հեղափոխությանը>> հաջորդող ժամանակաշրջանում¸ որոնց ընթացքում փաստացիորեն փորձարկվելու են երկրի նոր իշխանության պատրաստակամությունը ազատ¸ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու¸ ընտրակաշառքների հոռի ավանդույթը արմատախիլ անելու¸ վարչական եւ այլ ռեսուրսներ ի գործ չդնելու եւ օրինախախտներին խստագույնս պատժելու խոստումների անկեղծությունը։ Ավելին՝ Երեւանի քաղաքային ընտրությունները լինելու են յուրօրինակ փորձաքար՝ առաջիկա տարի անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների համար¸ որոնց իր սուղ միջոցների խնայողության պայմաններում ՌԱԿ-ը նախապատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ¸ ուժերի գերլարումով՝ հանրապետության ողջ տարածքում։ Նկատի ունենալով վերոհիշյալ հանգամանքները¸ ՌԱԿ Կենտրոնական վարչությունը սեպտեմբերի 22-ից 23-ը ներառյալ իր Կենտրոնական գրասենյակում հաստատելու է ընտրական հնարավոր խախտումների շուրջ բողոքների գրանցման շուրջօրյա ծառայություն եւ կոչ է անում մեր համաքաղաքացիներին¸ դիտորդական կազմակերպություններին¸ ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին՝ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգել հետեւյալ հեռախոսահամարով +374 060271114 եւ էլ.հասցեյով [email protected]։ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Երեւան, 30 օգոստոսի 2018թ.