«ՄԱՆԿԱԿԱՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-Ն ԻՍԿՍԿԱՆ ՏԵՌՈՐ Է»
Աջակցիր «Ա1+»-ինՀոլանդիայի Ռոտերդամ քաղաքում դեկտեմբերի 8-ին «Արեւիկ» մանկական անսամբլը՝ կմասնակցի մանկական «Եվրատեսիլ-2008»-ին: Ինչպես «Ա1+»-ին հաղորդեց Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը` « Հայաստանի բախտն այս տարի ուղղակի բերել է»: Մանկական «Եվրատեսիլ»-ին մասնակցում է ընդամենը 18 երկիր: Ընտրությունը տեղի է ունենում վիճակահանությամբ: Ի տարբերություն «մեծերի» «Եվրատեսիլ»-ի, մանկականում չկան կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլեր: Այս տարի մանկական «Եվրատեսիլին» մասնակցելու հնարավորություն չեն ստացել Վրաստանը, Խորվաթիան, Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան:
Դիանա Մնացականյանը կարծում է, որ մանկական մրցույթն ավելի բարդ է, քան մեծերինը: Վերջինս, Մնացականյանի բնորոշմամբ, «խաղ ու պար է». «Որքան հասկացա՝ մանկական «Եվրատեսիլ»-ը երեխաներին տեռորի ենթարկելու մրցույթ է , քանի որ այնտեղ երեխաներին ոչ միայն հոգեբանների մոտ են տանում, որ պարզեն արդյոք երգը այդ երեխան է գրե՞լ, թե՞ ոչ, այլեւ ինչ-որ խնդիրներ են նրանց տալիս լուծելու. անընդհատ փորձությունների են երեխաներին ենթարկում»: Այդ նպատակով նույնիսկ հատուկ մասնագետներ են հրավիրում՝ ճշտելու արդյո՞ք այդ երեխան ընդհանրապես ընդունակ է երգ գրելու, թե ոչ: Նշենք, որ մանկական «Եվրատեսիլ»-ի կանոնների համաձյան՝ երգի հեղինակը եւ մասնակիցները պետք է լինեն 10-15 տարեկան: Բեմում ելույթ կարող է ունենալ 8 երեխայից ոչ ավելի, ընդ որում նրանցից մեկը պետք է լինի հենց երգի հեղինակը: Մասնակից բոլոր երեխաները պարտադիր պետք է ունենան երաժշտական կրթություն:
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Դիանա Մնացականյանը՝ «Արեւիկ»-ի ընտրությունը եղել է ներքին կարգով, ինչպես անցած տարի Անդրեի ընտրությունը: «Արեւիկ»-ը բավականին հայտնի խումբ է, եւ այդ երեխաների տաղանդին բոլորս էլ ծանոթ ենք: Հիմա մեր խնդիրն է այդ երեխաներից ընտրել ընդամենը 8 հոգու: Ասեմ նաեւ, որ մինչեւ դեկտեմբեր ձայնի անցման այս շրջանում կարող են ինչ-որ խնդիրներ առաջանալ երեխաների մոտ՝ կտրուկ բասից գնա մինչեւ ֆալցետ եւ այլն, իսկ դա անընդունելի է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ներկայացվելու է շատ ուրախ, զվարճալի մի երգ, որը կլինի գովեստ սիրուն, գեղեցկությանը, ընկերությանը եւ քաղաքական ոչ մի էլեմենտ չի ներառի: Ըստ մրցույթի կանոների՝ երգը պետք է լինի ոչ ավելի, քան 2 րոպե 45 վայրկյան:
Առանց բեմադրման «Արեւիկի» երգը չի ներկայացվի, սակայն դեռեւս պարզ չէ, թե ով կլինի բեմադրող ռեժիսորը: «Վստահ կարող եմ ասել, որ Հրաչ Քեշիշյանը հաստատ չի լինի, քանի որ այդ նախագծի փուլում նա շատ զբաղված է լինելու: Հավանաբար ամբողջ աշխատանքը կանի Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը, քանի որ ինքն է այս ամենի նախաձեռնողը եղել»,- նկատեց Դիանա Մնացականյանը:
ՀԱՅԿՈՅԻՆ ԱՐԳԵԼՎԵՑ ՀՐԿԻԶԵԼ ԾԱՌԸ
«Եվրատեսիլ-2007»-ին երգիչ Հայկոյի կատարման ժամանակ բեմի վրա ոչ մի արտասովոր ու վտանգավոր բան տեղի չունեցավ, թեեւ նախապես հակառակն էր խոստացվել: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը, մրցույթի կազմակերպիչների կողմից կտրուկ արգելվել էր վառել բեմի վրա առկա ծառը: Պատճառաբանությունն այն էր եղել, որ ծառը հրկիզելուց դրա ներկն էր վառվելու, որը շմոլ գազից բացի, «ինչ գազ ասես, որ չի արտադրում»:
«Նրանք ասացին նաեւ, որ երգիչը նույնիսկ կարող էր խեղդվել: Դա ամենավատ բան եմ ասում, որը կարող էր լինել: Բացի այդ՝ կազմակերպիչներն ավելի շատ վախենում էին իրենց դեկորի համար՝ կարող էր ինչ-որ մի բան հալվեր, կամ դիպչեր վերեւի լույսերին, կայծ տար ու ամբողջ դահլիճը հրկիզվեր: Մենք փորձարկեցինք ծառը: Այն իսկապես ամբողջովին հրկիզվեց, ու նորից այն սկսեցինք ներկել: Իրավիճակը փրկեցինք թաշկինակներով, որոնք ամրացրեցինք ծառին, եւ քամու իմիտացիա արեցինք, ու այդպիսով չհրկիզվեց ծառը: Եվրոպացին հասկացավ՝ ինչ մասին է խոսք գնում ներկայացման մեջ. ամբողջ աշխարհում եւս ընդունված է երազանքների ծառը, որի վրա թաշկինակներ են ամրացնում»,- պատմեց Դիանա Մնացականյանը: