Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժշկականի ուսանողները պնդում են` օրենքի խախտում է  իրենց լեյտենանտի կոչում չտալը (տեսանյութ)

Հասարակություն
bjishk-2

Բժշկական համալսարանի ուսանողները կդիմեն դատարան, եթե Պաշտպանության նախարարությունը  օրենքին համապատասխան որոշում չկայացնի։ Ուսանողներն արդեն երկու ամիս է բողոքում են, որ հնարավորություն չունեն շարունակելու իրենց ուսումը օրդինատուրայում։ 2017 թվականի դեկտեմբերից տարկետման  վերացմամբ նրանք այլևս պետք է զորակոչվեն բանակ՝ որպես շարքային։  Ուսանողների կարծիքով օրենքն է խախտվում, քանի որ իրենք զորակոչվելիս պետք է ստանան լեյտենանտի կոչում։ «Մեզ համար դա պարտականություն է, որ մենք լեյտենանտի կոչումով ծառայենք, բացի այն, որ իրավունք է, քանի որ ՊՆ դա մեզ շնորհելու է»,- ասում է Վարդան Շահինյանը։ Պաշտպանության նախարարությունը առաջարկում է մեկ տարի ռազմական ինտերնատուրայի տարբերակը, երբ նրանք կհրաժարվեն լեյտենանտի կոչումից, կզորակոչվեն շարքային ինտերնատուրայում, այնուհետև մեկ տարի անց կտրվի լեյտենանտի կոչում։  Փոխարենը ուսանողներն առաջարկում են ավարտել օրդինատուրան և որպես սպա զորակոչվել բանակ։ «Հաճախ շրջանառվում է այն կարծիքը, որ մենք 33 հոգով փորձում ենք խուսափել բանակից։ Ես ուզում եմ հավաստիացնել`  նման բան չկա, մենք ուզում ենք ծառայել ՀՀ օրենքի շրջանակներում առավել օգտավետ, որովհետև, մենք ավելի օգուտ կտանք որպես բժիշկ, քան որպես շարքային»,- ասում է Բագրատ Հակոբյանը։ Ուսանողներին աջակցում են մի շարք բժիշկներ, ովքեր ևս պնդում են, որ պետք է թույլ տրվի նրանց շարունակել ուսումը օրդինատուրայում։