Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սևանում այս տիպի ծաղկում մինչև հիմա չի եղել»

Հասարակություն
Untitled-collagedww

Սևանա լճի վիճակն այս տարի մի փոքր տարբերվում է ծաղկումների պատճառով։ Դա բնական պրոցես է, սակայն այս տարի այն շուտ է եղել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդ Ստեփան Կոջայանը։ «Սա մտահոգիչ է։ Տվյալները հնարավոր է՝ նորմայի մեջ լինեն, բայց այս տիպի ծաղկում չի եղել մինչև հիմա։ Պատճառներից մեկը գլոբալ տաքացումն է։ Ձմռանը լիճը չհասցրեց սառել, որ ուշ կամ քիչ տաքանա»։ Ըստ սուզորդի՝ լճում պակասել են նաև ձկների ու խեցգետինների թիվը։ Սևանում կա ձկան կերի մեծ պաշար, բայց համապատասխան քանակի ձուկ չկա։ Սա ևս կարող է հանգեցնել լճի աղտոտմանը։ Բացի այդ՝ լճում հայտնաբերվել են որսորդական հին պարագաներ, ձուկ որսալու ցանցեր։ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի բաժնի վարիչ Լուսինե Հմաբարյանն էլ նշում է, որ ցիանոբակտերիալ տաքսոնները, որոնց ծաղկման հետևանքով Սևանը կանաչել է, վտանգավոր են հատկապես քաղցրահամա ջրերի համար։ «21-րդ դարն ամբողջությամբ ՄԱԿ-ի կողմից հայտարարված է որպես քաղցրահամ ջրի առաջնայնության դար։ Այսօր քաղցրահամ ջրի գինը համեմատում են նավթի գնի հետ։ Գլոբալ տաքացումը պատճառներից մեկն է միայն»։ Մասնագետները նշում են, որ դժվար է գնահատել իրավիճակը և նշել, թե երբ այն կավարտվի։