Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱՇՏՈՒԹՅՈՒՆ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ՍՐԱՀՈՒՄ

Մշակույթ

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում թավջութակահար Դենիս Ժդանովը իր համերգից առաջ հանդիպեց լրագրողների հետ:

Համերգը անցկացվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական երրորդ փառատոնի շրջանակներում:

« Ինձ ոչ ոք չի պարտադրել, որ ինչ- որ բանով զբաղվեմ, ինչքան հիշում եմ ինձ` կապված եմ երաժշտությանը:Շատ ուրախ եմ, որ եկել եմ Հայաստան եւ նորից մասնակցում եմ մրցույթին»,- ասում է Գերմանիայից ժամանած թավջութակահար Դենիս Ժդանովը, որը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է:

Նա մեծ խանդավառությամբ է հիշում, որ առաջին երաժշտական գործիքը իրեն նվիրել է իր տատիկը: Նա նշեց, որ մեծ հաճույքով կհամագործակցի մեր կոմպոզիտորների հետ: 2006 թվականին Դենիս Ժդանովը Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» եւ ժյուրիի Հատուկ մրցանակներին:

«Փառատոնը նպատակ ունի ներկայացնելու եւ պրոպագանդելու դասական երաժշտությունը: Այն նորովի է ընկալվում, քանի որ այն անցկացվում է ոչ թե համերգային սրահում, այլ պատկերասրահում՝ Որմնանկարների սրահում, ինչը առիթ է հանդիսանում, դասական երաժշտության յուրովի ընկալելուն»,- ասում է «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը:

Նա նաեւ նշեց, որ իրենք բացի գարնանային փառատոնից այս տարի ուզում են կազմակերպել նաեւ աշնանային փառատոն:

Փառատոնը անց է կացվում «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի եւ ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: