Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՋԱՐԻԱՅԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Մշակույթ

Հունիսի 11-ին ժամը 18:00-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Երեւանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի կազմակերպած համերգը: Այն կարեւոր է նրանով, որ, ինչպես նշեց ֆիլհարմոնիայի հիմնադիր տնօրեն Սերգեյ Մարկարյանը, համատեղ մասնակցելու են հայ եւ աջարացի երեխաները:

Անցած տարի հուլիսի 10-20-ը մանկական ֆիլհարմոնիան Բաթում քաղաքում կազմակերպել էր փառատոն՝ «Հայաստանի երեխաները Աջարիայի երեխաների համար» խորագրով: Այստեղ հայ մանուկներին, Սերգեյ Մարկարյանի վստահեցմամբ, շատ լավ են ընդունել թե քաղաքապետարանի մշակույթի վարչության աշխատողները, թե փոխքաղաքապետը, թե հատկապես աջարացի մանուկները: «Ես շատ ուրախ եմ, որ մանկական ֆիլհարմոնիան արտերկրում կարողացավ կազմակերպել փառատոն: Ինձ թվում է՝ դա առաջին անգամ է, որ Հայաստանից ինչ-որ մի կազմակերպություն արտասահմանում կազմակերպում է հայկական երգի եւ պարի փառատոն: Ասեմ, որ շատ հետաքրքիր անցավ: Փառատոնին երկու կիլոմետր շքերթով երգ-երաժշտութամբ, հայկական պարով մեր խումբը աջարացիների վրա մեծ տպավորություն էր թողել եւ ԶԼՄ-երի ու ղեկավարների ուշադրության կենտրոնում էինք»,- պատմում է Սերգեյ Մարկարյանը:

Այս փառատոնից հետո, ինչպես Սերգեյ Մարկարյանն է ներկայացնում, «իր մեջ միտք է ծագում, որ հիմա էլ հայկական կողմն աջարացի մանուկներին հրավիրի Հայաստան»: Հունիսի 11-ի համերգին Բաթումից հրավիրվել է «Մերանի» պարային խումբը՝ ղեկավար Ռ. Միկելադձե եւ «Լիմպոպո» երգի ստուդիան՝ ղեկավարը Թամազ Նիկոլաշվիլի: Երեւան նրանք կժամանեն հունիսի 9-ին եւ կմեկնեն հունիսի 13-ին: Համերգին մասնակցելուց բացի կլինեն նաեւ այլ միջոցառումներ, օրինակ՝ էքսկուրսիա Էջմիածին:

«Այս միջոցառումների նպատակն այն է, որ երեխներին ասենք, որ երկու երկրներով՝ Հայաստան եւ Վրաստան, հարեւաններ ենք, իսկ հարեւանները պետք է շատ լավ լինեն միմյան Ցհետ: Մեր վարքով մենք պետք է դաստիարակենք մեր երեխաներին եւ ասենք, երկու ազգերի երեխաները պետք է իրար հետ ընկերություն անեն: Դա, ինձ թվում է, ամենակարեւոր բանն է, որ հարգեն հարեւան երկրի հասակակիցների հետ ընկերությունը»,- ասում է պարոն Մարկարյանն ու ավելացնում, որ երեխաների միջեւ արդեն հաստատվել է նամակագրական կապ եւ շատ ջերմ հարաբերություններ:

Ի դեպ, «Հայաստանի երեխաները Աջարիայի երեխաների համար» խորագրով փառատոնը Բաթումում այս տարի տեղի կունենա հուլիսի 20-30-ը` դառնալով ավանդական: