Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Մշակույթ

Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմը տրամադրվել էր «Նորաձեւություն 2007» հագուստի ցուցահանդեսին: Դրան մասնակցում էին Երեւանի Թեթեւ արդյունաբերության եւ Վանաձորի տեխնոլոգիական պետական քոլեջների ուսանողները: Մոտ 150 ուսանող ցուցադրեց 200 մոդել:

Զգեստները հիմնականում ներկայացված էին հինգ՝ ազգային, ավանգարդ, երեկոյան, դասական եւ հարսանյաց նոմինացիաներում:

«Այս ցուցադրությունը ամփոփիչ ստուգատեսի պես մի բան է, ուսանողներին տարվա սկզբին տալիս ենք հանձնարարություններ, նրանք ամբողջ տարին մասնագետ- դասախոսների օգնությամբ աշխատում են , եւ վերջնական տեսքով ներկայացնում են մեզ: Այնուհետեւ մենք դրանք խմբավորում ենք եւ հանում ցուցադրության»,- ասում է Երեւանի Թեթեւ արդյունաբերության պետական քոլեջի տնօրեն Սերգեյ Քոչարյանը:

Նրա խոսքերով՝ ուսանողները կատարում են իրենց ինքնուրույն ստեղծագործական աշխատանքի առաջին փորձը: Իսկ ավանգարդ ոճի հագուստները նախագծվում են միայն ցուցադրության համար:

«Ես ուղղակի ուզում էի գոթական ոճը Հայաստանում առաջ քաշել: Արտասահմանում եւ Եվրոպայում այս ոճը օգտագործում են անգամ փողոցներում, այդպիսի հագուստներով նրանք դուրս են գալիս փողոց: Մեզ մոտ նման բան չկա, բայց հուսով եմ, որ ցուցադրությունից հետո այն կմտնի Հայաստան: Կարծում եմ, որ այն ստացվեց»,- ասում է Երեւանի Թեթեւ արդյունաբերության քոլեջի 3-րդ կուրսի ուսանողուհի Ալիսա Ազատյանը:

Ցուցահանդեսը նվիրված էր Հայկական բանակի կազմավորման 15-ամյակին: