Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԴԻԿ ՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏԱԼԻՍ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

Մշակույթ

Այսօր ժամը 12:00-ից Օպերայի շենքում մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Գոհար Գասպարյանին: Քաղաքացիների հոսքը դեպի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք շարունակվում է: Հրաժեշտ տալու են գալիս ինչպես երգչուհու սերնդակիցները, այնպես էլ երիտասարդները:

«Երբ գործող արվեստագետը անցնում է դաստիարակչական փուլին եւ չի աշխատում իր գործով, սառնություն է նկատվում նրա նկատմամբ,- ասում է դերասան Ռաֆայել Քոթանջյանը,- ժողովուրդն ասում է գնա մեռի, արի սիրեմ. մենք գնալուց հետո նոր կզգանք, թե ինչ ենք կորցրել»: Երգչուհու մասին իրենց հուշերն էին պատմում նրա կոլեգաներն ու ուսանողները: Բոլորն էլ նշում էին, որ Գոհար Գասպարյանի ձայնը բացառիկ էր եւ որ նման ձայն մենք այլեւս չենք ունենա: Ուսանողներից մեկը` Ալբերտ Խազարյանը, «Ա1+»-ին պատմեց Գոհարն Գասպարյանի` մայիսի 7-ին աշակերտների հետ անցկացրած վերջին պարապունքը: «Նա սովորականի պես շատ աշխույժ էր եւ բարձր տրամադրություն ուներ,- պատմում է Ալբերտը,- սակայն կարծես զգում էր, որ շուտով պետք է հեռանա կյանքից, որովհետեւ այդ օրը նա գովեց ինձ այնպես,ինչպես չէր գովել երբեւէ եւ իր վերջին խորհուրդները տվեց: Նա ինձ ասաց, որ ես լավ ապագա եմ ունենալու»:

Ժամը 15:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում տեղի կունենա Գոհար Գասպարյանի հուղարկավորությունը: