Յոգայի ուսուցչին հիացրել է հայկական Դուխը (տեսանյութ)
Պարզ , բարդ ու շնչառական ասանաներ ու մեդիտացիա կատարելու համար Թումոյի այգում հավաքվել էին Յոգ գիտությամբ հետաքրքրված անձինք` մեծ մասամբ կանայք: Եկել էին նաեւ Հայաստանի ԲՈՒՀ-երի հնդիկ ուսանողները:
«Յոգայի պարապմունքներին այցելում եմ զուտ առողջական նպատակով: Ֆիթնեսը եւ այլ մարզումները ինձ հակացուցված են, քանի որ ոտքերիս հետ կապված խնդիրներ ունեմ: Յոգայով զբաղվելը ինձ համար օգտակար է, դրանից հետո ավելի թեթեւացած եմ զգում»,- «Ա1+»-ին ասաց յոգայով մոտ մեկ ամիս զբաղվող Անժելլա Հովոյանը:
Իսկ Հնդկաստանի Մահարաշտրա մարզից ժամանած եվ ՀՀ Սուրբ Թերեզա բժշկական համալսարանի ուսանողները ասացին, որ թեեւ հեռու են իրենց երկիրից, սական չեն զլանում առավոտները գոնե կես ժամ յոգա կատարել:
«Յոգան կատարելուց հետո զգում ես ավելի հավասարակշռված ու ջերմեռանդ ողջ օրվա ընթացքում»,-ասաց նրանցից Նիլամ Դեորեն:
«Ասանաները պետք կատարել վաղ առավոտյան ժամը հինգից վեցը: Զբաղվում եմ ինը տարեկանից` մորս օրինակով: : Հայաստան եմ եկել մոտ մեկ ամիս առաջ եւ կփորձեմ պահպանել առավոտները վարժություններ կատարելու սովորությունս»,- ավելացրեց Սագար Սոմվանշին:
Յոգ գիտությունը Հնդկաստանի սահմաններից դուրս ներկայացնելու անհրաժեշտությունը ընդգծեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը:
«Յոգան կոչված է հավասարակշռել մարդու Ես-ը եւ ներդաշնակություն ստեղծել Նրա եւ բնության ու մյուս մարդկանց միջեւ: Միաժամանակ, տալիս է լավ միտք, առողջ մարմին ու հոգի, ստեղծում կապ Աստծո հետ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց դեսպանը:
Այս տարվա փետրվար ամսից Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ իրականացվում են յոգայի անվճար դասընթացներ: Այդ նպատակով Երեւան են ժամանել յոգայի ուսուցիչներ: Նրանցից Արտի Կիրանը, ով ժամանել է երկու տարով, «Ա1+»-ին ասաց, որ իրենց նպատակն է հստակեցնել մարդկանց պատկերացումները յոգայի մասին:
«Սա արվեստ է մեր ինքնությունը ճիշտ ձեւավորելու, ինքնարտահայտվելու ու ճիշտ ուղիներ գտնելու մասին: Աշխարհում կան տարբեր ազգեր, կրոններ, խմբեր, ռասսաներ եւ սեռեր: Յոգան միացնող ֆակտոր ունի ու հենց սա է ընկած Յոգայի միջազգային օր ունենալու գաղափարի հիմքում, որպեսզի մարդիկ հասկանան, որ կա առողջ, երջանիկ ու խաղաղ ապրելու ուղի»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ յոգայի վերաբերյալ շատ տարակարծություններ ու մտավախություններ կան, Արտի Կիրանը պատասխանեց.
«Ինքս եկել եմ մի երկիր, որը շատ հեռու է Հնդկաստանից եւ փորձում եմ այստեղ ուսանել Յոգ-ի գաղափարը, աշխարհին ասել, որ ավանդական, իրական հնդկական յոգան սա է, որը ուսումնասիրված է նաեւ գիտականորեն, հստակեցնել Յոգ-ի շուրջ կազմված միֆը: Ցավոք, հիմա շատ կան տարբեր դրսեւորոմներ, որոնք կոչում են յոգա, բայց դրանք իրականությունից շատ հեռու են: Մի անգամ ինձ հարցրեցին, արդյոք կոտրած ապակիների վրայով քայլելը յոգա է: Կասեմ հստակ` ոչ, դա որեւէ կապ չունի յոգայի հետ: Յոգան հոգեւոր պրակտիկա է մեր անհատականությունը կատարելագործելուն ուղղված: Ուստի, շատ անելիքներ կան հատկապես ինստիտուցիոնալ առումով, ներգարվվելով Յոգ-ի մասին գիտելիքներ եւ կրթություն ունեցող մարդկանց»:
Հայաստանում Յոգա-ի ուսուցչին հիացրել է հատկապե հայկական ոգին `Դուխը.
«Նախորդ շաբաթ մեկ դասի ընթացքում 108 անգամ կատարեցինք Սուրյա Նամաշկար` Ողջույն Արեւին բավականին բարդ վարժանքը, ու մասնակիցների 90 % ամբողջական կատարեց այն, թեեւ երեք ամիս առաջ գաղափար չունեին դրա մասին: Իրոք, բավարարաված եմ հայկական ոգով », -ասաց Արտի Կիրանը
Տեղեկացնենք, որ յոգայի անվճար դասերը իրականցվում են Թումո կենտրոնում Չորեքշաբթի եւ Ուրբաթ օրերը առավոտյան, Քեմբրիջի միջազգային դպրոցում` Երեքշաբթի եւ Հինգշաբթի օրերը երեկոյան ժամերին: Գրանցվել կարելի է [email protected] հասցեով:
Յոգայի միջազգային օրը այսօր եւ վաղը կնշվի նաեւ Վանաձորում և Ջերմուկում:
Յոգայի օրը աշխարհում նշվում է 4-րդ տարին, 2014 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ընդունեց Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի` հունիսի 21-ը որպես Յոգայի միջազգային օր հռչակելու առաջարկը: «Յոգ» «յուջ» սանսկրիտերեն բառ է եւ նշանակում է «կապակցել» կամ «միավորել»: Յոգ-գիտության մասին առավել հեղինակավոր ու տարածված գրքերից է Պատանջալիի «Յոգսուտրան»:
