«Ֆրեսկո». Հայաստանը 10 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի
2018 թվականի հունիսի 22-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Հայաստանը 10 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե Երևանի սրտում, թե մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռ դահլիճներում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբարը տեղի կունենա Տաթևի վանքի տարածքում և քաղաք Գորիսում /Սյունիqի մարզ/։ Իր տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները, ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլև՝ Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ:
Ամեն տարի փառատոնը իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից հոգևորականների, արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Այս տարի հազարից ավել հայտերից փառատոնում ընդգրկվել են 13 երկրներից 28 ֆիլմ, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրեր։
Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի
փառատոնի ընդհանուր նկարագիրը
Ֆրեսկո. կինոփառատոնի նոր բանաձև.
«Ֆրեսկո» միջազգային նախաձեռնությունն առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր` հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձևաչափ: Փառատոն, որի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:
«Ֆրեսկո». ոչ ֆորմալ մոտեցում
«Ֆրեսկոն» մասնակիցներին փառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է ներկայացնում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ: Հայաստան բերված հրաշալի ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները և ներկայացումները դուրս են բերվում կինոդահլիճներից ու բառիս բուն իմաստով մտնում փողոց:
Փառատոնի մի մասը անց է կացվում Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում: Մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու Հայաստանում իր նախադեպը չունեցող ճամբարների:
Վրանային կինոճամբարներ ՀՀ մարզերոմ
Սիրելու առաջին քայլը ճանաչելն է
Ցուցադրությունների համար ընտրելով Հայաստանի պատմամշակութային կարևոր կենտրոնները` փառատոնը մասնակիցներին առանց ճնշող պարտադրանքի «ստիպում է» ճանաչել այդ հուշարձանները, տեղի նիստուկացը, շփվել բնության, տեղի բնակիչների հետ: Վրաններ, ազգային հյուրասիրություն, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ:
«Ֆրեսկո» կինոծրագիր. խոսում ենք մարդասիրության լեզվով
Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական տարբեր ձևաչափերի ֆիլմեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետներն ու... քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ: Ֆիլմերին հաջորդող քննարկումներին մասնակցում են ոչ միայն ժապավենի ստեղծողները, ալև ֆիլմում արծարծված խնդիրներին անմիջականորեն առնչվող հերոսներ, ոլորտի պատասխանատուներ:
Ֆիլմերի Մրցանակները շնորհվում են հետևյալ անվանակարգերում`
Լավագույն ուղերձ «Հավատ»
Լավագույն ուղերձ «Հույս»
Լավագույն ուղերձ «Սեր»
Լավագույն ուղերձ «Խաղաղություն»
Լավագույն ուղերձ «Քաջություն»
Լավագույն ուղերձ «Մարդասիրություն»
Լավագույն ուղերձ «Հայրենասրություն»
Ռոքից դասական, ազգայինից-հոգևոր
Արդի արվեստի և դասական մշակույթի համադրություն՝ «Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի պատկանող հանդիսատեսի. ռոքից մինչև դասական, դասականից մինչև ժողովրդական:
Յուրաքանչյուր փառատոնային օրվա մեկնարկը հայտարարվում է համերգային ծրագրով:
