Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բացառվում է, որ ինքնամեկուսացվեմ, կլինեն տարբերակներ, որ կրկին ծառայեմ երկրին» (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0117031

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, լրագրողների հետ հանդիպմանը, նշեց, որ անթույլատրելի է համարում իր հրաժարականը մինչեւ նոր նախարարի նշանակումը. «Որեւէ բան չի կարող ինձ իմ պարտականություններից հետ պահել մինչեւ նոր նախարարի նշանակումը։ Բացառում եմ իմ ներգրավվածությունը նոր կառավարության կազմում, Պաշտպանության նախարարը վարձու աշխատող չէ. թիմի խնդիր է, միասնության խնդիր է, դժվար է, եթե չունես համախոհների թիմ։ Բացառվում է, որ ինքնամեկուսացվեմ, կլինեն տարբերակներ, որ ես կրկին ծառայեմ երկրին` մասնագիտական աշխատանք` գիտելիքի վրա հիմնված, մանկավարժական, քաղաքական գործունեություն։ Ծառայությունս բազմատեսակ է լինելու, շարունակելու եմ քաղաքական գործունեությունը, մի փոքր ավելի շատ ժամանակ կհատկացնեմ ընտանիքիս, վերջին 23 տարում լիարժեք արձակուրդ չեմ ունեցել, սիրելի զբաղմունքով կզբաղվեմ` ընթերցանություն, ընկերների հետ շփում»: Ինչ վերաբերում է Պաշտպանության նոր նախարարին, շրջանառվում է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի թեկնածությունը։ Վիգեն Սարգսյանն ի պատասխան նշեց. «Դավիթ Տոնոյանի հետ երկար ճանապարհ ենք անցել, 19 տարի ճանաչում ենք միմյանց, անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ նրան տեսնել նախարարի պաշտոնում. նա համեմատության եզրեր կունենա ու արդյունավետ կաշխատի։ Նորից եմ ասում` նախարարը վարձու աշխատող չէ, այլ քաղաքական թիմի անդամ է։ Անկեղծ ասած` զարմացած եմ նրա արարքից, երբ հրապարակից նրան առաջարկ եղավ ու նա, կարծես թե, Կառավարության դռները բացեց նման բանակցությունների համար։ Ես, օրինակ, նման հարցերը համարում եմ տաբու»: Ըստ նրա` տեղի ունեցածը հեղափոխություն չէ, այլ իշխանափոխություն. «Իրավաբանորեն սխալ է օգտագործվում փոքրամասնության Կառավարություն եզրույթը։ Իրավական առումով հիմա անհասկանալի մոդել է, որը վտանգներով լի է. միշտ կգտնվի մեկը, մեկ այլ մարդ, որ շատ ավելի մարդ կարող է փողոց դուրս բերել։ Ավելի լավ կլիներ դիտկատորի նման հայտարարվեր, որ բոլոր որոշումները կայացվելու են հրապարակում, այլ ոչ թե իրավական շղարշի տակ անել հակաիրավական բաներ։ Կարծում եմ` սրված իրավիճակներում խրոնիկ հիվանդություններ չեմ բուժում. պետք է սպասել, որ իրավիճակը հանդարտվի ու բուժել այն իրավիճակները, որոնք ծնել են այս ամենը»։ Վիգեն Սարգսյանի խոսքով ` սա իր վերջին ասուլիսը չէ։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանից առաջարկ եղել է համագործակցության. «Ես չէի էլ ակնկալում, որ նա կուզենա ինձ իր թիմում տեսնել, հակառակ դեպքում ես իմ կարծիքը կփոխեի նրա մասին։ Եթե նման առաջարկ էլ լիներ, ես մի քանի խողովակով արդեն ասել էի` ինչպես կվարվեմ։ Ես արդեն ասել եմ, թե ինչու եմ բացառում նոր Կառավարության կազմում լինելս։ Եղել են տարբեր մարդիկ ու պաշտոնյաներ, որոնք առաջարկել են, որ մնամ, ու դա եղել է տարբեր խողովակներով։ Հիմա չգիտեմ` դա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից է եղել, թե ոչ»: «Ա1+»-ի  հարցին ի պատասխան նա անդրադարձավ նաեւ անհնազանդության շարժմանը միացած պայմանագրային 209 զինծառայողների հարցին. «Հիմա ծառայողական քննություն է ընթանում ու ես հույս ունեմ, որ Պաշտպանության հաջորդ նախարարն ավելի կոշտ կլինի։ Զորամասի ղեկավարի հրաժարականի դիմումը ընդունել եմ եւ ուղարկել ՀՀ նախագահի հաստատմանը»: