Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել
Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները: Այս մասին Ա1+-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը: Աշխատանքային օրվա վերջում ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը եկավ մշակույթի գործիչների մոտ և հայտարարեց՝ վայր է դնում ՀՀ Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները։
Արմեն Ամիրյանի հայտարարությունը «Սիրելի հայրենակիցնե′ր, գործընկերնե′ր, , ՀՀ նախագա′հ, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցնե′ր, ՀՀ կառավարության իմ գործընկերնե′ր և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյա′ն, բոլորիդ առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում մոտ մեկ և կես տարվա համագործակցության, համատեղ աշխատանքի համար։ Հաճելի և պատասխանատու էր ծառայել մեր ժողովրդին, մեր պետությանը՝ հանուն մշակույթի զարգացման։
Այս ընթացքում հասցրեցի անել այն, ինչ հասցրեցի։ Իսկ բազմաթիվ այն ծրագրերը, որոնք ավարտին հասցնել չստացվեց, վստահ եմ, որ նախարարության իմ գործընկերները կփորձեն լավագույնս իրագործել։ Միշտ պատրաստ եմ ծառայել հայրենի մշակույթին՝ անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից։ Սիրով՝ Արմեն Ամիրյան »